ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՁԳՁԳԵԼՈՎ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Համապատասխան որոշման նախագիծը կառավարությունն ընդունել է երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում:

Այդ արտահերթ նիստի օրակարգում մեկ օրենսդրական նախագիծ է ընդգրկված` «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Ինչպես հայտնի է՝ վաղուց լուրեր են շրջանառվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի շրջանակներում նախատեսվում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին անգամ բաժանել երկու առանձին` տարածքային կառավարման եւ զարգացման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների: ԱԺ արտահերթ նիստը կհրավիրվի հենց այս կոնկրետ խնդիրը լուծելու նպատակով: ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի մասին խոսվում է արդեն երկու ամսից ավել, բայց այդ գործընթացն այնքան ձգձգվեց, որ թվում էր, թե կողմերն առանձնապես չեն շտապում: Սակայն իրականում պետք է արձանագրենք, որ անկախ նրանից, թե կոալիցիայի կազմման գործընթացն ինչ պատճառներով է ձգձգվել, կողմերը երկուստեք ցանկանում են, որ այն օր առաջ կայանա:
Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ ուրբաթ օրը արտահերթ նիստ հրավիրել, այն դեպքում, երբ ընդամենը երկու օրից` եկող երկուշաբթի, նախատեսված է խորհրդարանի հերթական քառօրյան: Իշխանությունները կարող էին նախագծին հավանություն տալ եւ այն ուղարկել խորհրդարան` օրինագիծը ճանաչելով անհետաձգելի: Այդ դեպքում այն կքննարկվեր արտահերթ` 24 ժամյա ռեժիմով: Այս դեպքում կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ուժի մեջ կարող էր մտնել լավագույն դեպքում եկող ուրբաթ: Երկուշաբթի-երեքշաբթի խորհրդարանը նախագիծը կընդուներ առաջին երկրորդ ընթերցումներով, չորեքշաբթի օրենքի նախագիծը կմակագրեր Սերժ Սարգսյանը, իսկ հինգշաբթի այն կտպագրվեր «Պաշտոնական տեղեկագրում», որից հետո հաջորդ օրվանից այն ուժի մեջ կմտներ:
Այսօր հրավիրված արտահերթ նիստով օրենքի նախագիծն ընդունելու դեպքում Սերժ Սարգսյանը կարող է այն ստորագրել հենց վաղը, ինչը ենթադրում է, որ այն կարող է եկող երկուշաբթի իսկ հրապարակվել «Պաշտոնական տեղեկագրում» եւ արդեն երեքշաբթի օրվանից այն կմտնի ուժի մեջ: Հետեւաբար հենց այդ օրն էլ արդեն հնարավոր կլինի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարներ նշանակել, ասել է, թե կոալիցիոն նշանակումներն արդեն կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ օրենքի նախագիծն արտահերթ թե հերթական քառօրյա նիստով ընդունելու տարբերակների տարբերությունն այս դեպքում ընդամենը կազմում է երեք օր: Ստացվում է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ նույնիսկ այդ երեք օրը չեն ցանկանում սպասել:
Եթե այդքան շտապում են, ապա հարց է ծագում՝ իսկ ինչու էր գործընթացն այսքան ձգձգվում: Բանն այն է, որ այս անգամ իշխանական ուժերը որոշել են կոալիցիայի ծավալուն փաստաթուղթ ստորագրել, որն իր մեջ կներառի ոչ միայն պաշտոնների եւ պատասխանատվության ոլորտների բաժանման սկզբունքները, այլ նաեւ հետագա` համատեղ իշխելու սկզբունքները: Նման փաստաթուղթ ունենալու առաջարկի հեղինակը եղել է հենց Դաշնակցությունը: Այսպիսով ՀՅԴ-ն փորձում է նվազեցնել կրկին անգամ դեյուրե իշխանություն դառնալու արդյունքում իրենց կուսակցության հեղինակությանը սպառնացող վտանգները: Այլ կերպ ասած՝ դաշնակները ցանկանում են իրենց ձեռքին ունենալ մի փաստաթուղթ, որը կճոճեն եւ կհայտարարեն, որ իրենք իշխանության մեջ են մտել Հայաստանը «փրկելու» համար: Իսկ բոլոր այն լուրերը, թե Դաշնակցությունն ընդամենը ցանկանում է իշխանական կերակրատաշտից օգտվել, սուտ են, բամբասանք են:
Իհարկե, մեկ-երկու տարի հետո Դաշնակցությունը հերթական անգամ կսկսի պարզաբանել, թե ինչպես իրեն չհաջողվեց իշխանությունը «ներսից» փոխել, բայց նման հեռանկարը դժվար թե նրանց մտահոգում է: Կարեւորն այն է, որ մինչ այդ կուսակցության ֆինանսական հնարավորությունները էապես բարելավված կլինեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԽՈՍՆԱԿԻ ԲԻԶՆԵ՞ՍԸ
Վերջին ամիսներին հանրության որոշ շրջանակներում քննարկման առարկա է դարձել «aCLUB» արտոնությունների քարտը: Այն կուտակային հիմնադրամ է: Մարդիկ, ձեռք բերելով այդ քարտը, տեղեկանում են Երեւանում կայանալիք միջոցառումներին, հնարավորություն են ունենում մեկ զանգով տեղեր ամրագրել եւ օգտվել մի շարք ծառայություններից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «aCLUB» -ի փաստացի սեփականատերը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է, բայց բիզնեսն ուրիշի անունով է գրանցված: Տնօրենը Արամ Տիրատորյանն է: Ա. Բաբայանը նշված բիզնեսի իրեն պատկանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես բիզնես չունեմ: Արամ Տիրատորյանը մանկությանս ընկերն է: «aCLUB»-ն էլ տիկնոջս պրոեկտն է, որն իրագործում են Արամի հետ»: Հուսանք՝ Արսեն Բաբայանի դեպքում չի գործում հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Որ ասում եմ` ես, նշանակում ա Արուսը հետս ա»:
Հավելենք, որ Արսեն Բաբայանը մշտապես աշխատել է պետական կառույցներում:

 

ԱՅԼԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՎԱԽԵՆԱԼ
ՀՀԿ-ՀՅԴ նոր իշխանական կոալիցիայի հետ կապված խնդիրների հստակեցումը մի շարք պաշտոնյաների համար բավական բարձր տրամադրություն է ապահովել, քանի որ նրանք այլեւս համոզված են, որ իրենց պաշտոնը կոալիցիոն առքուվաճառքի առարկա չի դառնա: Այս երեւույթը երեկ ցայտուն նկատելի էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ: Նա նախկինում «գլուխը կախ» դուրս էր գալիս կառավարության շենքից, արագ հեռանում էր՝ խուսափելով լրագրողների հետ շփվելուց: Երեկ նա ոչ միայն ակնհայտ բարձր տրամադրություն ուներ, այլեւ սիրով համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին: Ավելին՝ Հակոբյանը մոտավորապես 10-15 րոպե ողջագուրվում էր կառավարության շենքի դիմաց կանգնած սփյուռքահայերի հետ:

 

ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ
ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում ի սկզբանե ընդգրկված էր որոշման մի նախագիծ, որով ՀՀ ֆինանսների նախարարությանը պետք է հատկացվեր 508 մլն դրամ Դիլիջանում հանրահայտ ուսումնական կենտրոնի համար վարչական սարքավորումներ գնելու նպատակով: Հիշեցնենք, որ խոսքն այն ուսումնական կենտրոնի մասին է, որի շինարարության համար վերջին երկու տարիներին տարեկան մի քանի միլիարդ դրամ է հատկացվել: Սակայն կառավարության նիստից հետո պարզ դարձավ, որ նախագիծը կառավարության նիստի օրակարգից հանվել է: Կառավարությունից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ նախագծում ինչ-որ «խնդրահարույց» տվյալներ են եղել, արդյունքում փաստաթուղթն ուղարկվել է լրամշակման:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՂ ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանն ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդական:

 

ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՆ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ հայտարարել է, որ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը կհրապարակվի մարտի սկզբին:

 

ՀԵՏՈ՞ ԻՆՉ
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստում որոշել է, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը: Նշենք, որ վարույթում ներգրավված ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները յոթն էին` 5 ՀՀԿ-ական եւ 2 ԲՀԿ-ական:

 

ԿՀԱՏԿԱՑՆԵՆ
Կառավարությունը երեկ փոփոխություններ է կատարել 2016թ. ՀՀ պետբյուջեում եւ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ, եւ կառավարության երեկվա որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ գումարը տրամադրել Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) եւ Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ռուսական ծառայության կողմից ամիսներ առաջ նկարահանված ծավալուն հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախագիծը, որը կոչվում է «Ռուսաստանը եւ ես», հյուրընկալում է տարբեր երկրների՝ ինչպես գործող, այնպես էլ նախկին առաջին դեմքերին:

 

ՉԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Կառավարության երեկվա նիստին առաջին անգամ մասնակցել է ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանը: Նա, սակայն, կառավարության նիստի ավարտից հետո հեռացել է հետնամուտքից` այդպիսով խուսափելով շփվել լրագրողների հետ: Փաստորեն, ԱԱԾ նոր պետը շարունակում է «հին ավանդույթները», որոնք փոխելու հորդորով վերջերս հանդես էր եկել վաչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես երեւում է՝ ԱԱԾ նորանշանակ պետը, մի քանի այլ նախարարների նման, չի պատրաստվում հետեւել վարչապետի հորդորներին:

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Կառավարությունը երեկ որոշել է մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել մարտի 12-ին` շաբաթ օրը: Նման որոշումը կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ:

 

ՎԱՏԱՑԵԼ ԷՐ
Երեկ՝ ժամը 20-ի սահմաններում, վատացել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը: Բժշկական կենտրոնում ամբողջական հետազոտության արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Սահակյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս