ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՇԱՌՔ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԱՅՐՈՒՑ
Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրուց կաշառք պահանջելու մեջ: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ` Խաչատրյանն իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ ՊՆ-ի կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցն առաջնահերթության կարգով լուծելու համար նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

ՀԱՎԱՏԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՉԷ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ առայժմ որեւէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ. «Այս պահին բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին կան նաեւ այլ հարցեր»: Իսկ հարցին, թե ինչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմ»-ին, եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու, եւ ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանել է. «Բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատեւ ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում մենք ունենանք»:

ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը, ասել է. «Կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է: Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում, եւ նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից»:




Լրահոս