ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ, մինչ ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը մասնակցում էր կառավարության հերթական նիստին, նրա վարորդը մեքենան կայանել էր չթույլատրված վայրում: Փաստորեն, այստեղ եւս նա զերծ չի մնում օրենքը խախտելու իր «հնարավորությունից»: Տեսնես բուլկի մականունով հայտնի Ա. Հարությունյանն ինչպես պետք է խուսափի վարչական իրավախախտումների իր չափաբաժնից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի օտարերկրացին ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ստանալու իրավունք ձեռք բերի:
Իսկուհի Նավասարդյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը՝
1) ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, 2) ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը, 3) ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը, 4) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, 5) ազգությամբ հայ լինելը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ-ում հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը կազմել է 1847, իսկ կացության կարգավիճակ ստացած անձանց թիվը՝ 2103: Նրանցից 1239-ը ստացել են ժամանակավոր կացության կարգավիճակ, 519-ը՝ մշտական, իսկ 345-ը՝ հատուկ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ քաղաքացին իրավուքն ունի՞ կենսաթոշակային խնայողությունները նախապես ժառանգել (կտակել) մի քանի ժառանգների միջեւ: Այսինքն՝ ամբողջ գումարը բախշել մի քանի հոգու միջեւ: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե ժառանգը չունի ՀՀ քաղաքացիություն, ապա ինչպես կարող է ստանալ գումարը:
Ստելլա Հովհաննիսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք. քանի որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, ապա մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ: Այստեղ գործելու են ժառանգության եւ կտակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնները:
Հայտնում ենք նաեւ, որ երկքաղաքացիության հանգամանքը որեւէ կերպ չի սահմանափակում անձի իրավունքները կուտակային բաղադրիչում: Եթե երկքաղաքացիություն ունեցող անձը բազային եկամուտ է ստանում Հայաստանում, ապա նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ: Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, նա կարող է միանվագ ստանալ իր խնայողությունները, եթե հրաժարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մշտական բնակության նպատակով մեկնի Հայաստանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը եւ կարող են օգտագործվել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո՝ կենսաթոշակ ստանալու նպատակով: Ի դեպ, պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն: Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալը: