ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԿԻՐԻ ԲԱԺՆՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում, նախկին դատապարտյալներին կտտանքների եւ բռնության ենթարկելով, ստիպում են չբացահայտված հանցագործություններ խոստովանել: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց Ալլա Ասրյանը, որի որդին` Հրայր Վանյանը, դարձել է նման իրավիճակի զոհ:
Ի՞նչ չբացահայտված հանցագործություններ կան ոստիկանության Արաբկիրի բաժնում, եւ ի՞նչ կտտանքների ու, առհասարակ, բռնության է ենթարկվել Հրայր Վանյանը: Այս ամենը փորձեցինք պարզել նրա մոր հետ զրույցում:
Ալլա Ասրյանի պատմելով` իր որդին` Հրայր Վանյանը, տարիներ առաջ գողություն կատարելու մեղադրանքով կալանավորվել է. «Իր պատիժը կրեց ու վերադարձավ տուն: Սկսեց նորմալ կյանքով ապրել ու աշխատում էր Ստեփանավանի Ագարակ գյուղի քարհանքում: Երկու շաբաթը մեկ գալիս էր տուն՝ Երեւան՝ մեզ մոտ: Մի անգամ ոստիկանություն կանչեցին, շատ անհանգստացանք: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են հրավիրել ոստիկանություն, նա ասաց, թե եթե մի անգամ մի գործով նստել ես, դու հանցագործ ես համարվում, դրա համար էլ կանչում են»:
Մոր խոսքով` Հրայրը իրենց չանհանգստացնելու համար հաճախ ոչինչ չի պատմել, սակայն նկատվել է, որ տղային անընդհատ զանգահարել եւ վախեցրել են. «Չգիտենք, թե ովքեր էին այդ զանգահարողները, քանի որ հեռախոսահամարն արգելափակված էր, ու չէինք կարողանում պարզել: Մենք ընդամենը կռահում էինք, որ իմ տղայից ինչ-որ տեղեկություն են ցանկացել իմանալ, իսկ թե ինչ տեղեկություն, եւ ովքեր էին ցանկանում իմանալ, մենք այդ մասին ոչինչ չգիտենք, ու տղաս էլ չգիտի»: Ալլայի նկարագրմամբ՝ իր որդուն նախկինում կատարած գողությունների համար դատարանի դատավճռով սահմանված պատիժը կրելուց հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները մշտապես հետապնդել են մեկ պատճառով՝ ցանկացել են իմանալ, թե որտեղ են պահվում հայտնի նկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի լուսանկարները:
«Տղայիս տանում են բաժին, ասում են, թե ասա՝ որտեղ են այդ լուսանկարները, եթե չէ, ապա կան մի քանի գողության դեպքեր, որոնք քո ձեռագրին նման են, ուրեմն դա դու ես արել: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կտտանքների ու բռնության ենթարկվելով՝ տղաս բացատրություն է տալիս, որ իբր ինքը 2011թ. դեկտեմբեր, 2012թ. հունվար ամիսներին 6 բնակարաններից  կատարել է գողություն  եւ գողության փորձեր: Մոտ 20 անգամ տարել են բաժին, հետո մեքենայով պտտել են Արաբկիր վարչական շրջանի գողություն կատարված բնակարանները եւ ստիպել, որ նա ասի, թե դա ինքն է կատարել: Քրեական բաժնի աշխատակիցներ Արամը, Արմանը եւ ուրիշները, ծեծի ենթարկելով Հրայրին, պարտադրել են, որ խոստովանի իր չարած հանցանքները»,-շարունակեց Ա. Ասրյանը:
Նրա ներկայացմամբ` իր որդուն, 5 բնակարանների գողության դեպքերի հետ կապված, դատապարտել են 9 տարվա ազատազրկման. «Իմ ենթադրությամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում չբացահայտված հանցագործությունները նախկին ամբաստանյալների գլխին են սարքում: Եթե իմ տղան ժամանակին սխալ է գործել եւ գողություն է արել, ապա ինչո՞ւ են այս գործերը ստիպում ու ասում՝ ցուցմո՛ւնք տուր, թե դու ես արել: Ավելին, քննիչներ Ա. Մելքոնյանն ու Ս. Վարացովյանը, որոնք զբաղվել են իմ տղայի գործով, այժմ չեն աշխատում: Մելքոնյանը փախուստի մեջ է՝ կեղծ գործերի հետ կապված, իսկ Վարացովյանը, իմ կարծիքով, հասկացավ, թե ինչ խարդախության մեջ է ընկել եւ հեռացավ համակարգից»:
Հրայրի մոր պահանջը մեկն է, որ կատարեն նոր քննություն եւ պարզեն, թե ինչ կապ իրականում կարող էր ունենալ իր որդին այս հանցագործությունների հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով մեկնաբանություն խնդրել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիգոր Ամիրխանյանից: «Հստակ չգիտեմ, թե ում մասին է խոսքը, երբ է բերվել, հասկանանք: Կպարզենք, կպատասխանենք»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ կհետաքրքրվի՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս