ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՄՈՒԼԻՑ ԵՆ ԻՄԱՑԵԼ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը՝ Շիրակի ոստիկանապետի տեղակալ Հարություն Ավետիսյանը, իր պաշտոնանկության մասին իմացել է լրատվամիջոցներից: Այդ մասին երեկ ասել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը. «Եղբայրս որեւէ կոնկրետ պաշտոնական ինֆորմացիա չունի, լրատվամիջոցներից է իմացել, որ իր հաստիքը կրճատվել է: Ճշտելու խնդիր չկա, եթե կա նման բան, կիրազեկեն  սահմանված կարգով»:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՏՎԵՑ
«Ես կարծում էի, որ մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորի համար»,-երեկ ասել է  ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գորիսի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում  տեղի ունեցած արյունալի դեպքին: Հարցին, թե պատրաստվում է այցելել Գորիս՝  Գյումրու օրինակով իրավիճակը շտկելու համար, ոստիկանապետը պատասխանել է. «Միջոցառումները չենք անցկացնում անտեղ, որտեղ դեպք է կատարվում: Միջոցառումներն անցկացնում ենք ամբողջ հանրապետության տարածքում: Ինչ վերաբերում է Գորիսի կոնկրետ դեպքին` վատ դեպք է»: Իսկ արդյոք հավատում է, թե դեպքի պահին Ս. Խաչատրյանը քնած է  եղել:  Այս հարցին  ոստիկանապետի պատասխանը կտրուկ է. «Ես, ի տարբերություն ձեզ, լրագրող չեմ եւ չեմ կարող այդպիսի հռետորական հարցերի պատասխաններ տալ: Գործը գտնվում է  զինվորական դատախազության վարույթում, եւ էթիկայի նորմի խախտում է իմ կողմից որեւիցե մի գնահատական տալ»:

ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՐԾԻՔ
ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով օրերս տարածված տեղեկատվությանը, թե  Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառում մոտ 1 միլիարդ դոլարի ժամանակակից տանկեր եւ զրահատեխնիկա, հայտնել է. «Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը եւ նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ եւ ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ ՊՆ-ն  զերծ կմնա որեւէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:




Լրահոս