ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ունեցվածքի հայտարարագիրը կարդացողը կարող է այնքան խղճահարվել, որ որոշի անմիջապես դրամահավաք սկսել նրա օգտին:
Նախկին նախարարը, մեկ տասնամյակից ավելի ԱԺ պատգամավորն ապրում է միայն ու միայն աշխատավարձով. հայտարարագիրը լրացնելու պահին նախորդ ժամանակամիջոցի նրա տարեկան եկամուտը կազմել է 4 մլն 167 հազար 670 դրամ: Աշխատավարձն էլ, պարզվում է, պատգամավորն այնպիսի խնայողությամբ է ծախսել, որ դեռ 450 հազար դրամ էլ տնտեսել է… Նա գրեթե ունեզուրկ է, ունի ընդամենը մեկ բնակարան Երեւանում՝ 85,5 քմ մակերեսով: Ավտոմեքենա չունի: Կարելի էր հավատալ այս գեղեցիկ հեքիաթին, եթե «պատահաբար» չհիշեինք, որ հենց ՕԵԿ առաջնորդներն էին որոշ ժամանակ առաջ հաստատել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում փայատիրական հիմունքներով գործարան են կառուցել: Գլխավոր սեփականատերն Արթուր Բաղդասարյանն է, իսկ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանն էլ, բնականաբար, փայատերեր են: Հիշենք Հ. Բիշարյանի պարզաբանումը, թե ինչ միջոցներով է կառուցվել գործարանը. «Արթուր Բաղդասարյանի եւ նրա ընկերոջ՝ հայտնի հայազգի գործարար Նվեր Մխիթարյանի համատեղ ջանքերով եւ աջակցությամբ… կառուցվող գործարանը ոչ թե սոսկ խմիչքների, այլ գյուղմթերքների վերամշակման գործարան է»: Հիշեցինք: Ուրեմն չմոռանանք այս մասին եւ Մ. Շահգելդյանին հարցնենք՝ գուցե խնդիրներ են առաջացել իր եւ Արթուր Վահանիչի միջեւ, գուցե ինքնակամ հրաժարվել է ինքն իր մասնաբաժնից…
Հանուն արդարության նկատենք, որ Մ. Շահգելդյանը երբեք աչքի չի ընկել ունեցվածքի հանդեպ դողէրոցքով, ինչպես, ասենք, իր առաջնորդ Ա. Բաղդասարյանը: Անգամ Շահգելդյանի մասին այն պատկերացումն է ձեւավորվել, որ անտարբեր է ամեն ինչի հանդեպ, սիրում է միայն շատ քնել ու ոչինչ չանել: Նրան Ա. Բաղդասարյանի ջանքերով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակեցին: Սա ՕԵԿ-ի հերթական կադրային զավեշտն էր, որովհետեւ քաղաքագետ Շահգելդյանը երբեք վարչական բարձր պաշտոններ չէր վարել, անգամ ԱԺ-ում լինելով շատ կարեւոր հանձնաժողովի նախագահ եւ զբաղվելով բանակի ու ազգային անվտանգության հարցերով՝ նա այդպես էլ չէր թափանցել այդ ոլորտները: Ուրեմն գործից անտեղյակ, ոլորտի խնդիրներն ու գործառույթները չպատկերացնող մարդուն նշանակել էին նախարար: Իհարկե, բացի մի սկանդալային պատմությունից, մյուս բոլոր դեպքերում Մ. Շահգելդյանը կատարում էր անգլիական թագուհու դեր, իսկ նախարարությունում շարունակում էր իշխել Լոնդիկի՝ Էդիկ Բարսեղյանի «ոգին», քանի որ տակավին նա էր վերահսկում ահռելի ֆինանսական միջոցների շրջանառությունը:
Շահգելդյանի «ֆենոմենը», իհարկե, եզակի չէ, քանի որ քիչ չեն մեր այն նախարարները, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում իրենց ղեկավարած ոլորտից, բայց ահա Շահգելդյանը չէր տիրապետում նաեւ նախարարության ֆինանսական իրավիճակին: Կարելի է ասել, որ նախարարն իրականում Ա. Բաղդասարյանն էր, որովհետեւ նա էր նշանակում կադրերին՝ անգամ այս նախարարությունում բաժնի պետ նշանակելով կոնսերվատորիական կրթությամբ մի տիկնոջ: Հենց Վահանիչն էլ խորհրդական նշանակեց Սանատրուկ Սահակյանին, որին շուտով դատապարտեցին կաշառակերության համար: Շահգելդյանն իր խորհրդականին պաշտպանելու որեւէ քայլ չարեց: Ասում են, որ երբ տեղեկացրել են Սահակյանի ձերբակալության մասին, Շահգելդյանը հորանջել է, ապա կանչել վարորդին եւ գնացել տուն՝ քնելու…
Իսկ այդ սկանդալային պատմությունն աղերսվում է «ալյուրի գործին»: Շահգելդյանի պաշտոնավարման շրջանում նախարարությունը 2,5 մլրդ դրամի ալյուր էր գնել, որը, ինչպես պարզվել էր, խիստ անորակ էր: Հետո, գործարքի մեջ մտնելով Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ, հաջողվել էր այդ ալյուրն իրացնել կես գնով: Այսինքն՝ պետությանը հսկայական վնաս էր հասցվել… Սակայն Շահգելդյանը, բնականաբար, այդ ամենը հերքում էր. «Ես ձեզ ասեմ, որ գործարքի մասին խնդիր չկա, ես ինքս բարձրաձայնել եմ հիմնահարցը, ընթանում է քննություն, ես կարծում եմ՝ իրենք ընթացքում այդ խնդիրների պատասխանները կտան»: Բայց եթե գործարք չէր եղել, ինչ-որ խախտումներ չէին եղել, ինչո՞ւ էր դատախազությունը գործ հարուցել… Հիշատակենք ՀՀ դատախազության հայտարարությունը. «2008-ին Հայաստան է ներմուծվել եւ ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերագնահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն: Գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ վերջինս էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության 2009թ. հունիսի 15-ին ամբողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած շուկայական գնից զգալիորեն ցածր՝ 1 կգ-ն 80 դրամ՝ նախկին 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո գրուպ» ՍՊ ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության չափով պետությանը պատճառվել է էական վնաս»:
Հենց այդ ալյուրի պատմությունն էլ դարձավ Շահգելդյանի պաշտոնանկության պատճառը: Ախր նախարարի պաշտոնում ինչպե՞ս պահեին մի մարդու, որն ընդամենը մի «օպերացիա» ձեռնարկելիս մատնվեց անհաջողության… Հետագայում դատախազությունում այս պատմությունը «մոռացան»: Իսկ Շահգելդյանն էլ մի քիչ նստեց տանը, ապա 2012-ին վերադարձավ խորհրդարան:
ԱՅՍՔԱՆ ԷԼ ԱՂՔԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ