ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում (Երեւանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցե), որտեղ կազմակերպված է նկարչի աշխատանքների մշտական ցուցադրություն, ներկայացվող աշխատանքներն այժմ գտնվում են ոչ ապահով վիճակում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եղանակային տարբեր պայմանների հետեւանքով անձրեւից, ձյունից, ձնհալից ցուցասրահի պատերը թրջվել են, եւ հավանականությունը մեծ է, որ նկարները կարող են փչանալ. որքանով տեղյակ ենք` մի քանի նկար նույնիսկ հանվել է ցուցադրությունից: Է. Իսաբեկյանի որդին` նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, մեզ հետ զրույցում շեշտեց. «Պարտավորությունը, որը վերցրել է Երեւանի քաղաքապետարանը, պետք է կատարի. պայմանագիր կա կնքած, որի համաձայն՝ իրենք պարտավոր են կազմակերպել նկարների ապահով ցուցադրությունը»:
Նշենք, որ համաձայն 05.11.2012թ. կնքված «Նվիրաբերության պայմանագրի»՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 28 գեղանկարչական աշխատանքներ անհատույց կերպով, սեփականության իրավունքով նվիրաբերվել են Երեւան համայնքին՝ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում մշտական գործող Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարների ցուցադրությունում ցուցադրելու, իսկ անհրաժեշտության դեպում՝ այլ ցուցասրահներում ժամանակավոր ցուցադրելու համար։
Մենք հարցում ուղարկեցինք Երեւանի քաղաքապետարան` նախ տեղեկանալու համար, թե թվով քանի աշխատանք է ներկայացված ցուցասրահում: Մշակույթի եւ տուրիզմի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում ցուցադրվում է 39 ստեղծագործություն, որից 28-ը հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը՝ համաձայն վերը նշված. «Նվիրաբերության պայմանագրի», 7-ը՝ բերված են ընտանիքի, 4-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներից։ Վերջինները մուտք են գործել «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ՝ մշտական ցուցադրության համալրման նպատակով։
Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Երեւանի քաղաքապետարանն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում` մեծ նկարչի աշխատանքները փրկելու, ցուցասրահում ապահով պայմաններ ստեղծելու ուղղությամբ, մեզ պատասխանեցին. «Ցուցասրահի համար ապահով պայմաններ ստեղծելու վերաբերյալ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել եւ քննարկել են բարձրացված հարցը՝ դրանք ծրագրերում ներառելու համար»։
Այսպիսով` Է. Իսաբեկյանի նկարները, փաստացի, «գոյատեւում են» ոչ բարվոք պայմաններում, իսկ թե երբ քաղաքապետարանի ներկայացուցիչների քննարկումները կտան իրենց շոշափելի արդյունքը, հայտնի չէ:
Մենք քաղաքապետարանից նաեւ հետաքրքրվեցինք` կան արդյոք ցուցասրահը թանգարանի վերածելու ծրագրեր: Մեզ պատասխանեցին, որ նման ծրագիր ներկայումս չկա, քանի որ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում մշտապես գործում է Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարների ցուցադրություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Իսաբեկյանը Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցասրահի բացման ժամանակ (2013թ.) նշել էր. «Համոզված եմ, որ այս ցուցասրահը ժամանակի ընթացքում կվերածվի թանգարանի, որտեղ կցուցադրվեն ոչ միայն նրա նկարները, այլեւ թողած ահռելի ժառանգությունը, որը ես սիրով կնվիրաբերեմ թանգարանին»:
ՈՒՐԻՇ «ԹԱՄԶԱՐԱ»` ԱՐՓԻԻՑ
Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով հաճախ հանդես է գալիս ժողովրդական երգերի ներովի մատուցմամբ, պատրաստվում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել «Թամզարա» երգը, որը ներառված է նաեւ նրա «Գանձեր» ձայնասկավառակում: «Բայց դա այն «Թամզարա» երգը չէ, որը հանրությունը լսել է մեր երգիչների, օրինակ` Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ, դա ուրիշ «Թամզարա» է, որի վոկալային տարբերակը ես դեռ ոչ ոքի կատարմամբ չեմ լսել: Երգը պարային բնույթի է, դրա ներքո նախկինում հայերը պարել են նաեւ հարսանիքների ժամանակ: Հաշվի առնելով, որ ձայնասկավառակի շնորհանդեսի օրը մեծ հետաքրքրություն նկատվեց երգի հանդեպ, որոշեցինք դրա հիման վրա նկարահանել նաեւ տեսահոլովակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Արփին:
Նա ցանկություն ունի նաեւ ակումբային փոքրիկ մենահամերգ ունենալ, որի ընթացքում կներկայացնի ժողովրդական երգեր:
Արփին նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է իր երկրպագուների դատին հանձնել օրորոցային երգ` կենդանի նվագակցությամբ: Խոսքը Բարսեղ Կանաչյանի «Օրոր» երգի մասին է, որը եւս առաջիկայում կունենա իր տեսահոլովակը: Մեր այն հարցին, թե օրորոցային երգերի հանդեպ հետաքրքրությունն արդյոք կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ինքը` Արփին, նորաթուխ մայրիկ է, վերջինս պատասխանեց. «Միգուցե դա էլ նշանակություն ունի, բայց ես օրորոցային երգ թողարկելու միտք շատ ավելի վաղ ունեի»:
Երգչուհին խոսեց նաեւ «Հայվեյ» խմբի առաջիկա գործունեության մասին` նշելով, որ խմբի կազմը կշարունակի հանդես գալ ակումբային համերգներով եւ անդամներն արդեն աշխատում են իրենց հեղինակային երգերի վրա: «Խմբի հետ արդեն աշխատում ենք սոուլ ոճի երգերի վրա եւ, հնարավոր է, միասին հանդես գանք տեսահոլովակով»,-ասաց նա:
Մենք նաեւ հարցրինք` դժվար չէ արդյոք սոուլ, ջազ, բլյուզ ոճերը համատեղել ժողովրդական, ազգային երգերի կատարումների հետ. «Ինձ մոտ ստացվում է մի ոճից անմիջապես անցում կատարել մյուսին, բացի այդ` ժողովրդական երգերի կատարումն իր հետ բերում է այլ էմոցիաներ, իսկ, օրինակ, սոուլ երգերինը` ուրիշ: Նաեւ հայերենն ու անգլերենը բոլորովին այլ զգացողություններ են պարեգեւում ինձ: Ի դեպ, վերջին շրջանում ես կենտրոնանում եմ երգերի խոսքերի վրա, չեմ ընդունում այն միտումը, ըստ որի՝ փորձում են խոսքեր ու վանկեր «խցկել» երաժշտության մեջ, ես ցանկություն ունեմ հենց խոսքերի հիման վրա երգ գրել. այդ դեպքում բառերն ինքնըստինքյան բերում են մեղեդայնություն»:
Արփին խոսեց նաեւ այսօրվա երգերի միօրինակ թեմաների մասին` նկատելով, որ կան մի շարք հետաքրքիր թեմաներ, որոնք պարզապես շրջանցվում են, այնինչ՝ անընդմեջ գրվում են երգեր` հարսանեկան թեմայով. «Աշխարհում գոյություն ունի, օրինակ, գրքի օր, ընկերության օր, գրկախառնության օր. սրանց մասին իրազեկվելով` երգերի թեմաների մտահղացումներ են ծնվում»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՍՏՂԱՅԻՆ ԿԱԶՄՈՎ
Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված «Ամեն» նախագիծը Իտալիայում կներկայացվի օգոստոսի 15¬ին եւ 16¬ին: «Արմենպրես»¬ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը` անդրադառնալով նախորդ տարի հետաձգված միջոցառմանը: ««Ամեն»¬ը կներկայացվի Իտալիայի «Արենա դի Վերոնա» դահլիճում: Լավագույն կոլեկտիվները, բեմադրողները վախենալով են այդ դահլիճում ելույթ ունենում: Նախագծի շուրջ պետք է հավաքվեն համաշխարհային աստղեր, կատարողներ: Ամբողջ ներկայացման մեջ կարմիր գծով պետք է անցնի հայոց պատմությունը»,¬նշել է Ռուդոլֆ Խառատյանը: ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով` ներկայացումն ինքն է բեմադրելու:
«Ամեն»¬ը կներկայացնի հայ ժողովրդի, նրա ծագման, ճակատագրի պատմությունը: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին ու կորուստներին, շարունակում է լինել ծաղկող, երջանիկ եւ ստեղծարար երկիր: Միջոցառմանը կմասնակցեն Neue Philharmonie Hamburg¬ը, «Հովեր» կամերային երգչախումբը, օպերային արտիստներ Հասմիկ Պապյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Պլասիդո Դոմինգո կրտսերը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետ Գալստյանը, Ռոզի Անուշ Սվազլյանը եւ այլք:
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ
Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը վարձութային վկայագրերից եւ պետական գրանցումից զրկել է ռուսական 21 ֆիլմ ու սերիալ, որոնք ստեղծվել են Սերգեյ Բեզռուկովի, Ֆյոդոր Բոնդարչուկի, Օլեգ Գազմանովի եւ Իոսիֆ Պրիգոժինի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն: Մասնավորապես արգելքի տակ են հայտնվել «Տոնածառեր-2», «Բնակելի կղզի», «Ստալինգրադ», «Ես մնում եմ», «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես», «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմերը։
Իլյենկոյի խոսքով` ներկայումս Ուկրաինայում արգելված է 423 ֆիլմ եւ սերիալ:
«Մոտ ժամանակում այդ աշխատանքը կշարունակվի»,- նշել է պաշտոնյան: Տեղեկացնենք, որ 2015թ. փետրվարին Ուկրաինայում ընդունվել է օրենք, որն արգելում է ռուսական այն ֆիլմերի ցուցադրությունը եւ տարածումը, որոնք թողարկվել են 2014թ. հունվարի 1-ից հետո: Արգելվել է նաեւ ցուցադրել ցանկացած ֆիլմ, որը քարոզում է ռուսական իրավապահ մարմինների եւ զինված ուժերի գործունեությունը։
19 ՏԱՐՈՎ ՓՈՔՐ ՓԵՍԱՑՈՒՆ
Քայլի Մինոուգը նշանադրվել է երիտասարդ բրիտանացի դերասան Ջոշուա Սասի հետ: Երգչուհին չորեքշաբթի NME Awards մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել է մատնեմատին մատանի դրած:
Հիշեցնենք, որ 47-ամյա ավստրալացի երգչուհին ու 28-ամյա Ջոշուան ծանոթացել էին 2015-ի սեպտեմբերին՝ «Գալավանտ» կատակերգական սերիալի նկարահանումների ժամանակ: Դեռեւս նոյեմբերին երգչուհին հաստատել էր, որ հանդիպում է դերասանի հետ: