ՎԱՏ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներդրումների ծավալը զգալիորեն նվազել է: Չնայած այս տագնապալի հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է տնտեսական աճ, կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: Մյուս կողմից միջազգային տարբեր փորձագետներ արդեն բարձրաձայնում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող է ՀՀ դեռ չդիվերսիֆիկացված տնտեսությունը դիմակայել արտաքին ցնցումներին, ի՞նչ վիճակում է գտնվում գործարար ոլորտը ՀՀ-ում, եւ ինչպե՞ս է անդրադառնում մենաշնորհային բիզնեսը երկրի տնտեսության վրա:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացառությամբ բնական ռեսուրսների կառավարման ոլորտում մենաշնորհի, որն անխուսափելի է եւ գործում է իր ուրույն կանոններով, մնացած ոլորտներում մենաշնորհը վտանգավոր է տնտեսության զարգացման համար: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամերին, իմ խորին համոզմամբ՝ դա արդյունք է գերտերությունների կողմից բանկային համակարգերի նկատմամբ լոյալ քաղաքականության: ՀՀ-ն նման իրավիճակներում պետք է ավելացնի իր ներդրումային ծրագրերն առաջին հերթին կրթության եւ գիտության բնագավառներում: Մենք պարզապես ավելի լուրջ պիտի վերաբերվենք այն խնդիրներին, որտեղ կարող ենք առաջատար դիրքեր զբաղեցնել, ասածիս ապացույցը շախմատն է: Սակայն կարող է լինել նաեւ կրթագիտական համակարգը, որի արդյունավետ կիրառմամբ մենք կարող ենք դառնալ մասնագետ պատրաստող ու արտահանող երկիր: Համոզված եմ, որ էքսպորտ-իմպորտ հաշվեկշռում ՀՀ-ում լուրջ ռեզերվներ կան, որը կարելի է նպատակային օգտագործել: Սակայն վերոշարադրյալի մասով համապատասխան կառույցների անուշադրությունն ակնհայտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆ
ԵՊՃՀ ռեկտոր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մենաշնորհային բիզնեսը յուրաքանչյուր երկրի տնտեսության վրա վատ անդրադարձ է ունենում: Մոնոպոլիզացված ոլորտներում մեկ մարդու ավելի հեշտ է գին թելադրել, որն իր հերթին կթելադրի շուկային, իսկ մրցակցության պարագայում գնային քաղաքականությունը որոշում են նույն ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները: Բայց ՀՀ իշխանությունը չի մտածում տնտեսական զարգացման, ռեալ մրցակցության, ազատ շուկայի զարգացման մասին: Կառավարության նպատակը բոլոր խնդիրներում միայն դաշտը պահելն է, որպեսզի ո՛չ իրենց անձնական փողը պակասի, ո՛չ էլ դա բերի սոցիալական խաթարումների: ՀՀ տնտեսության 80 տոկոսը կոմերցիոն ոլորտում է, պահվում է առքուվաճառքի վրա: Կանխատեսվող համաշխարհային ճգնաժամին ՀՀ տնտեսությունը չի դիմանա, քանի որ փողային ռեսուրսների պաշարով ավելցուկ է նկատվում: Նոր ճգնաժամը մեր երկրում կբերի նոր գնաճի եւ առանց այն էլ մեր փլուզված տնտեսության կործանման: Իսկ աշխարհի տնտեսության վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի ՀՆԱ-ն տեղափոխվում է Հնդկաստան, Չինաստան: Այսինքն՝ ոչ վաղ ապագայում այս երկրները սկսելու են թելադրող դեր ունենալ համաշխարհային տնտեսությունում:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս