ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՆ
Այսօր ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացնելու «Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի բնակիչները: Հիշեցնենք, որ նրանք պայմանագիր էին կնքել «Տոնուս» ընկերության հետ, վճարել համապատասխան գումարը եւ մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, ինչը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել: Տեղեկացնենք նաեւ, որ «Տոնուս»-ը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանին: «Ժողովուրդ»-ը բնակիչներից մեկից՝ Զոյա Պետրոսյանից, տեղեկացավ, որ հունիսի 14-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել «Տոնուս» ՍՊԸ-ին:
Շինարարական ընկերության՝ կամավոր սնանկության պահանջի մասին գործով դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմում է 6 մլրդ 460 մլն 474 հազ. 792 դրամ: Դատարանը պահանջագիր է ուղարկել «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությանը, որպեսզի «Տոնուս»-ի սնանկության գործով կառավարիչ նշանակվի: Մինչ այդ ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը:
«Սնանկ ճանաչված ընկերությունը կա՛մ պետք է առողջացման ծրագիր ներկայացնի, կա՛մ էլ պետք է լուծարվի: Մեկ ամսից հետո, երբ որեւէ մեկի կողմից ներկայացվում է ընկերության առողջացման ծրագիր, դատարանն այն քննում է, իսկ պարտատերերը քննարկում են՝ կընդունվի, թե ոչ: Եթե ընդունվեց, ապա ընկերությունը կգնա առողջացման ճանապարհով, իսկ եթե ոչ, կլուծարվի: Իսկ ակտիվները կառավարիչը կդնի օտարման, կհավաքագրի գումարները եւ կբաժանի պարտատերերի միջեւ: Թե որին ինչքան կհասնի, տեղյակ չեմ»,-ներկայացրեց տիկին Զոյան:
Խաբված բնակիչների մի մասն այժմ ապրում է վարձով բնակարաններում, մյուս մասը բանկերից վարկ է վերցրել՝ բնակարան գնելու համար:
ԳՏՆՎԵԼ ԵՆ
Հունիսի 17-ին երեք հովիվ 45 խոշոր եղջերավոր անասունների հոտով դուրս են եկել Կոտայքի մարզի Բուժական գյուղից եւ շարժվել Հանքավան գյուղի ուղղությամբ, իսկ հունիսի 18-ի կեսօրից հետո նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:
Երեկ Աղվերան-Երնջատափ գյուղերի սահմանային սարերում հայտնաբերվել են մոլորված հովիվները, որոնք տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում:
ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Լոռու մարզի Աքորի գյուղի ղեկավար Հրահատ Սիմոնյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 15-ի գիշերը Աքորիի բնակիչ Մ. Մխալյանին պատկանող անասնագոմից գայլերը 13 գլուխ ոչխար են հոշոտել: «Պետք է մի բան անենք, որ այդ ընտանիքին մի բանով օգնենք: Մեր գյուղում առաջին անգամ է նման դեպք պատահում: Պետք է այս հարցով մարզպետարան գնամ»,-նշեց գյուղապետը: