ԲԱՆԿԸ ԿԵՂԾԵ՞Լ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՍԿՅԱ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին էր դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 76-ամյա բնակիչ Ժորա Ղազարյանը: Նա պատմեց, որ ինքը 2011թ. սեպտեմբերի 14-ին ոսկու գրավի դիմաց «ՎՏԲ-Հայաստան» բանկից վերցրել է 484.200 դրամի վարկ՝ գրավադրելով ոսկյա զարդեր՝ ժամացույց ու թեւնոց: Ու երբ  2012-ի մարտի 14-ին Ղազարյանը ոսկին հանել է գրավից, պարզել է, որ ոսկյա ժամացույցը փոխարինվել է կեղծով՝ թողնվել է միայն ժամացույցի տակի հատվածը, իսկ մնացած մասերն ամբողջովին փոխվել են: Սակայն բանկը, ի պատասխան քաղաքացու այս մեղադրանքի, հայտնում է, որ գրավի վերադարձման ակտի ստորագրման պահից պատասխանատվություն չի կրում:
Ըստ մեր զրուցակցի՝ տարբեր ոսկերիչների մոտ ստուգելուց հետո ինքը պարզել է, որ այժմյան ժամացույցի արժեքի եւ իր իսկական ժամացույցի արժեքի միջեւ առկա է մոտ 300.000 դրամի տարբերություն: Սա պարզելուց հետո նա բողոք-պահանջ է ներկայացրել «ՎՏԲ-Հայաստան» բանկին, ինչին ի պատասխան՝ բանկը հայտնել է, որ գրավի վերադարձման ակտի ստորագրման պահից պատասխանատվություն չի կրում վերադարձված գրավի համար: Ղազարյանը համաձայն չէ բանկի դիրքորոշման հետ եւ բանկից պահանջում է իրեն պատճառված վնասը հատուցել կամ իր իսկական ոսկյա ժամացույցը վերադարձնել. «Ես հիմա պահանջում եմ իմ ոսկյա ժամացույցը վերադարձնել: Այս տարիների ընթացքում իմ առողջությունը քայքայեցի: Ո՞վ է իմ առողջությունը փոխհատուցելու: Մի ժամացույցի պատճառով իմ տանն անհաշտություն է հիմա»:
Ժորա Ղազարյանն այս պահանջով դիմել է նաեւ ֆինանսական համակարգի հաշտարարին՝ բանկին ներկայացնելով 300.000 դրամի գույքային պահանջ: Հաշտարարն իր հերթին է դիմել բանկին, որտեղից ստացել է հետեւյալ պատասխանը. «Ժորա Ղազարյանի կողմից գրավադրված ոսկյա իրերը պարունակող պարկից հանվել է կապարակնիքը, որից հետո նա, ստորագրելով գրավի վերադարձման ակտի վրա եւ նշելով, որ չունի որեւէ առարկություն գրավի վերաբերյալ, վերցրել է իրեն պատկանող ոսկյա իրերը»: Հաշտարարին ուղղված իր գրությանը բանկը կցել է իր եւ հաճախորդի միջեւ կնքված ոսկյա իրերի գրավադրման դիմաց վարկի տրամադրման պայմանագիրը, նշված պայմանագրով գրավ դրված ոսկյա իրերի գրավի գնահատման գույքագրման ակտերը, գրավադրված ոսկյա իրերի վերադարձման ակտը, դրանց պահպանումն ու գրավատուին հանձնելու գործընթացը սահմանող բանկի կանոնակարգը:
Այս ամենից հետո հաշտարարը հանգել է այն եզրակացության, որ հաճախորդի պահանջի մերժումը բանկի կողմից հիմնավոր է, եւ այդ իսկ պատճառով իր հերթին մերժել է Ժ. Ղազարյանի՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի դեմ ուղղված պահանջը:
Հուսահատված քաղաքացին, վերցնելով իր ոսկյա ժամացույցը, դիմել է «Գոլդ ուեյ» հարգորոշման եւ հարգադրոշման տեղամաս, որտեղ եւ պարզել է, որ ոսկյա ժամացույցի հարգը 583 է: Մինչդեռ բանկի ներկայացրած փաստաթղթերում ոսկյա ժամացույցի հարգը կազմել է 750:
Այս ամենից հետո քաղաքացին դիմել է Վարդենիսի քննչական բաժանմունք, որտեղ ուսումնասիրվել է Ղազարյանի դիմումը, եւ նյութեր են նախապատրաստվել: Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ, եւ կատարվել է նախաքննություն: Որոշում է կայացվել նյութագիտական եւ հետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, եւ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան փորձագետներին: Վերջիններս, ելնելով ժամացույցի եւ դրա շղթայի վրա առկա հետքերի տեղակայություններից, մաշվածության համանմանությունից, եզրակացրել են, որ ժամացույցը եւ դրա շղթան գտնվել են տեւական շահագործման մեջ, եւ դրանց տարրերը փոփոխման չեն ենթարկվել: Ժամացույցը պատրաստված է 750 հարգի ոսկուց, այսինքն՝ նախաքննությամբ պարզվել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում գրավադրված ոսկյա ժամացույցը փոփոխման ենթարկված չէ: Այնուհետեւ որոշում է կայացվել այս քրգործի վարույթը կարճել:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Կամո Մկրտչյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս