ՆՈՐԻՑ ԿԵՆՏԻԿՅԱՆ-ՄՈՐԵՆՈ
Գերմանիան ներկայացնող երեւանցի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (30-2-0, 16 նոկաուտ) ռեւանշ-մենամարտ կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյի (25-5, 6 նոկաուտ) հետ: Մենամարտը կանցկացվի հուլիսի 6-ին Դորտմունդում:
Հիշեցնենք, որ 25-ամյա Կենտիկյանն ու Մորենոն ռինգում հանդիպել էին անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ WBA տիտղոսի համար 10-ռաունդանոց մենամարտում 31-ամյա ամերիկուհին հաղթեց միավորներով:
Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է նաեւ WIBF (2007թ.) եւ WBO (2009թ.) վարկածներով: Իսկ վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2013թ. փետրվարի սկզբին՝ միավորներով հաղթելով գերմանացի Սանայե Ջային:
ԿՊԱՅՔԱՐԵՆ ԿԱԶԱՆՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հուլիսի 6-17-ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական հերթական` 27-րդ խաղերը: Ընդ որում, հետաքրքիր է, որ հաղթողներն էլ կորոշվեն 27 մարզաձեւերում, ինչը նաեւ ռեկորդային թիվ է: Նախատեսվում է, որ 170 երկրների 13.000 ուսանող մարզիկ-մարզուհիներ կպայքարեն մեդալի 350 հավաքածուի համար:
Միջոցառումը մասնակիցների քանակով եւ բնույթով կարող է համեմատվել միայն օլիմպիական խաղերի հետ: Բանն այն է, որ ուսանողների պայքարում ընդգրկվողների ավելի քան 60 տոկոսը հանդես է եկել օլիմպիական խաղերում: Մրցումներին զուգահեռ նախատեսված է կազմակերպել միջազգային փառատոներ:
Հայաստանը նույնպես կմասնակցի այդ ստուգատեսին: Մրցասպարեզ դուրս կգան շուրջ 40 հայ պատվիրակներ: Նրանք կներկայացնեն ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, լող եւ աթլետիկա մարզաձեւերը: Թիմը, իհարկե, ամբողջովին համալրված է ուսանող մարզիկներով, որոնց թվում կան նաեւ հեղինակություններ: Նշենք ըմբիշներ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանին, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանին, Արթուր Քիրաջյանին, ծանրորդներ Սմբատ Մարգարյանին, Աղասի Աղասյանին, շախմատիստներ Զավեն Անդրիասյանին, Սամվել Տեր-Սահակյանին… Մինչ ունիվերսիադայի մեկնարկն ուսանող մարզիկները կգտնվեն ուսումնամարզական հավաքներում:
Հիշեցնենք, որ համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959-ին Թուրինում: ԽՍՀՄ-ում ստուգատեսն անցկացվել է մեկ անգամ՝ 1973թ.: