Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ նամակ են գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրելով արդար որոշում կայացնել Ոսկեվանի դպրոցի տնօրենի նշանակման հարցում: Նամակում մասնավորապես ասված է. «2013թ. փետրվարի 25-ին 65 տարին լրանալու կապակցությամբ լուծվել է Ոսկեվանի դպրոցի տնօրենի աշխատանքային պայմանագիրը: Մարտի 4-ին կայացել է դպրոցի կառավարման խորհրդի նիստ, միջնորդագիր է ներկայացվել Տավուշի մարզպետ պ. Ղուլարյանին դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու թույլտվություն ստանալու համար: Օրերն անցնում էին, սակայն պատասխան չկար: Ինչո՞ւ:
Ի վերջո 2013թ. ապրիլի 25-ին մրցույթը կայացավ: Դրան մասնակցել են Ոսկեվանի դպրոցի 28 տարվա մանկավարժ (որից 16 տարին՝ փոխտնօրեն) Գոհար Սանդրոյի Տիրացվյանը եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գարիկ Ռաֆիկի Մամյանը, ով 2000թ. մարտի 3-ին անհատական գրաֆիկով աշխատանքի է անցել որպես աշխարհագրության ուսուցիչ: Նա 2008թ. հունիսին թողել է դպրոցը, աշխատանքի անցել Բագրատաշենի մաքսատանը, մեկ տարի անց նորից հիշելով մանկավարժի գործը՝ աշխատանքի է անցել Ոսկեվանի դպրոցում: 2012թ. օգոստոսին նորից է թողել մանկավարժությունը, զբաղվել բիզնեսով: Ի դեպ, ճիշտ է վարվել, քանի որ ինքը հեռու է մանկավարժությունից, եւ դպրոցում նրա բաց թողած օրերը, չկայացած դասերը վրդովեցնում էին ծնողներին: 2013թ. ապրիլի 25-ի մրցույթում Գոհար Տիրացվյանը ստացավ 4 ձայն, Գարիկ Մամյանը՝ 3: Գ. Տիրացվյանի 5-րդ ձայնը նրա 30 տարվա գործընկերն էր, որը չներկայացավ քվեարկության, նույն օրը ներկայացրեց դպրոցի կառավարման խորհրդի անդամից հրաժարվելու դիմում: Ինչո՞ւ, արդյոք սա չի՞ խոսում անարդար մոտեցումների մասին: 2-րդ մրցույթում Գ. Մամյանի գործադրած ջանքերի շնորհիվ նա ունեցավ 4, Գ. Տիրացվյանը՝ 3 ձայն: Այսպիսով 2 փուլերի ընթացքում թեկնածուներն ունեցել են հավասար ձայներ:
Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրեն նշանակվի ոսկեվանցի վաստակաշատ մանկավարժը, ոչ թե նա, ով դպրոց է գնացել, որպեսզի խուսափի ժամկետային զինվորական ծառայությունից: Հակառակ դեպքում համախմբված Ոսկեվանում պառակտում կառաջանա: Չենք ուզում կորցնել մեր հույսն ու հավատը, որ կհաղթի արդարությունը, եւ խնդրում ենք կայացնել արդար որոշում: Վստահ ենք, որ հուսախաբ չենք լինի»:
Ըստ գործող օրենքի՝ եթե դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված 2 մրցույթներով տնօրեն չի ընտրվում, դպրոցի տնօրեն է նշանակում ԿԳ նախարարը: Այդ պատճառով էլ ոսկեվանցիները նամակ են գրել Արմեն Աշոտյանին: Տեսնենք, թե վերջինս ինչպիսի որոշում կկայացնի եւ արդյոք հուսախաբ չի անի ոսկեվանցիներին:
Տավուշ