ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՎՐՁԻՆԸ ՉԻ ՉՈՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է գեղանկարիչ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, որը վերջերս իր հերթական ցուցահանդեսն ունեցավ հարազատ Հրազդանում: Բարսեղյանն ավարտել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 30 տարի աշխատել է Հրազդանի մի քանի դպրոցներում` դասավանդելով նկարչություն ու գծագրություն: 1975թ. Հրազդանում բացված Երվանդ Քոչարի անվան մանկական գեղարվեստի դպրոցի հիմնադիրներից մեկն է:
-Ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր:
-Ես անընդհատ աշխատում եմ, իմ վրձինը չի չորանում: Հիմա էլ ամառ է, ծաղիկների շարք եմ նկարում: Շատ արվեստագետներ սպասում են` մուսան գա, նոր աշխատեն, բայց ես ամեն առավոտ` արթնանալուն պես, զգում եմ մուսայի առկայությունը: Դա կարող է լինել բնությունը, կողքովս անցնող մի մարդ, որ սոված է կամ կուշտ, մտածկոտ է կամ ուրախ… Դիմանկարներ շատ եմ սիրում, իմ կուռքը Ռեմբրանտն է: Նրա դիմանկարները խոսում են, նրանց մեջ հոգի կա:
-Այս տարիների ընթացքում զգացե՞լ եք պետության աջակցությունը:
-Ո՞վ, պետությո՞ւնն աջակցի… Պետական եւ ոչ մի աջակցություն երբեք չեմ ստացել: Արվեստագետը պետք է աշխատի, իր գործն անի, բայց շատ հաճախ այդ նույն արվեստագետը չի ոգեւորվում, որովհետեւ պետք է նաեւ պետության բարի, տաք ձեռքը զգա, ինչը ես երբեք չեմ զգացել: Ես արվեստանոց եմ ունեցել Հրազդանում, ձեռքիցս վերցրել, գորգագործներին են տվել: Դա չկա, ինձ ոգեւորողը Ձեզ նման մարդիկ են, ընկերներս…
-Ինչի՞ կարող է հանգեցնել այդ անուշադրությունը:
-Ես շատ նկարիչների գիտեմ, որ կոտրվել են, դադարել նկարել: Գիտեմ նկարիչների, որ ներկերն ու վրձինը վաճառել են Վերնիսաժում: Ինքս փորձում եմ չհուսահատվել, այլ գտնել խթան, որպեսզի ավելի շատ աշխատեմ:
-Այնուամենայնիվ, բոլորս աշխատում ենք գումար վաստակելու համար: Ինչպե՞ս եք լուծում Ձեր հանապազօրյա հացի խնդիրը:
-Ընկերներ ունեմ, որ օգնում են որոշ նկարներ վաճառել, ինձ ներկեր են նվիրում: Լուրջ պատվերներ եմ ունենում, մեկը ձի է ուզում, մյուսը` Սեւան, մեկ ուրիշը` Արարատ: Լինում են նաեւ դիմանկարների պատվերներ:
-Ամենից շատ ի՞նչ են պատվիրում:
-Պատվիրատուների մեծ մասը բնապատկերներ է նախընտրում: Չեմ սիրում, բայց լինում է, որ նաեւ կրկնօրինակում եմ Այվազովսկու «9-րդ ալիք»-ը: Նման պատվերներ հազվադեպ են լինում, ավելի հաճախ, ցավոք սրտի, հանգուցյալի դիմանկար են պատվիրում:
-Եվ ի՞նչ արժի հանգուցյալի դիմանկարը:
-Մինչեւ 50 դոլար: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ տեսել եմ մարդկանց սոցիալական վիճակն ու ոչ մի կոպեկ չեմ վերցրել:
-Ձեր աշխատանքները վաճառվո՞ւմ են Վերնիսաժում:
-Ո՛չ, չեմ տանում, ժամանակս զուր պետք է գնա` այնտեղ կանգնելով: Իմ մոտից գալիս վերցնում են:
-Դժվարությա՞մբ եք բաժանվում Ձեր աշխատանքներից:
-Ես նույնիսկ սրտի նոպա եմ ունեցել, երբ իմ աշխատանքները տեսա… Մի անգամ իմ մոտից 40 նկար տարան Վերնիսաժ` վաճառելու, ընդամենը 1 նկարի վարձը տվեցին, ասացին` կվաճառենք, կբերենք: Ինձ, իհարկե, խաբեցին, տարան ու չբերեցին: Մի օր Վերնիսաժում տեսա, որ իմ գործը վաճառում են, մոտեցա վաճառողին, հարցրի` ինչ արժի, ասաց` 500 դոլար, այն դեպքում, երբ այդ աշխատանքն ինձանից 100 դոլարով էին գնել: Հարցրի այդ տղային` ով է հեղինակը, ասաց` մահացել է, երբ ասացի` ես եմ, ինքն իրեն շատ վատ զգաց:
-Ձեր նկարները մատչելի՞ են:
-Այն ժամանակ այո՛, բայց որ հիմա մեծ պատվերներ ունենում եմ, մի քիչ գինը բարձրացնում եմ:
-Ինչքա՞ն է արժեցել ամենաթանկ կտավը, որ վաճառել եք:
-500 դոլարից ոչ ավելի: Դե մեր Հրազդանի պայմաններում, տեսնելով տեղի մարդկանց սոցիալական վիճակը, մատչելի գներով վաճառում եմ: Նկարներս վաճառում եմ, հոգում եմ իմ ներկերի հարցը, լինում է, երբ մեկն ասում է` 2-մետրանոց կտավ ունեմ, դա տամ, փոխարենը ինձ նկա՛ր տուր, մյուսը ներկեր է տալիս, ես էլ փոխանակում եմ եւ այլն: Ի՞նչ անեմ, երբեք այլ գործերով գումար չեմ վաստակել, նկարելն է եղել իմ միակ աշխատանքը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս