Ինչպես արդեն գրել էր Armlur.am-ը, երեկ, Սերժ Սարգսյանի հրամանով, Արմեն Աշոտյանը դադարեց լինել ՀՀ ԿԳ նախարար, իսկ այսօր նաև պաշտոնապես ներկայացվեց նոր նախարարը:
Եվ ահա, քիչ առաջ Աշոտյանը համացանցի իր էջում հրապարակումով պաշտոնականացրեց այն փաստը, որ այսուհետ ինքը զբաղվելու է միայն կուսակցական գործունեությամբ: Այդ մասին այսօր հայտարարել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահն է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 17-ին գրել էր, որ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը Դաշնակցությանը տալուց հետո Արմեն Աշոտյանին նոր պաշտոն չի տրվի: Ամենայն հավանականությամբ, նրան կառաջարկեն մինչեւ 2017 թվականը զբաղվել կուսակցական գործերով եւ նախապատրաստվել եկող տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով նոր ստեղծվելիք ինֆորմացիոն կենտրոնը: Աշոտյանի հետագա կարգավիճակը ավելի շատ կախված կլինի նրանից, թե իրեն ինչպես կդրսեւորի 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
Իհարկե, զբաղվածության տեսանկյունից Աշոտյանը պարապ չի մնա, բայց քանի որ Հայաստանում կուսակցական գործունեությունն ընդունված չէ որպես աշխատանք համարել, ուստի կարելի է ասել, որ առաջիկա առնվազն մեկ տարում Արմեն Աշոտյանին սպառնում է «ակտիվ հանգիստը»: