Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը եւ պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: