Ինչու Մալաթիայում բողոքի ալիք բարձրացավ, և ինչպես երթևեկությունը կաթվածահար եղավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականներն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 9:00-ից, գործադուլ են հայտարարել: Առևտրականները պահանջում են իջեցնել տաղավարների համար սահմանված գումարը, սակայն տնօրինությունը հրաժարվում է՝ ասելով, որ վերջին շրջանում երեք անգամ արդեն իսկ իջեցում արվել է:

Ավելի քան երկու ժամ տոնավաճառի գլխավոր մուտքը փակելուց հետո` տեսնելով, որ տնօրինությունից որևէ արձագանք չեն ստանում, առևտրականները փակեցին Րաֆֆու փողոցի երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար եղավ: Ոստիկանների թվի աճին զուգահեռ՝ բողոքավոր առևտրականներն ավելի անկառավարելի դարձան: Վիճաբանություն, քաշքշուկ, աղմուկ, լարված մթնոլորտ: Տեսնելով, որ երթուղայինների վարորդներն այլևս չեն հանդուրժում խափանված երթևեկությունը, ոստիկանները կտրուկ քայլերի անցան: Մարդկանց արդեն ուժով տեղափոխեցին՝ փորձելով բացել երթևեկելի հատվածը: Սակայն` ապարդյուն. «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները վճռական են տրամադրված:

Ավելին, նրանք վստահ են, որ երեք տասնամյակից ավել աշխատելուց հետո մեծ ցավով, սակայն ստիպված կլքեն իրենց տարածքը: Առևտրականների խոսքով՝ Մալաթիային սպառնում է «Հրազդան» տոնավաճառի ճակատագիրը: Սրա հետ, սակայն, համամիտ չէ տնօրեն Սամվել Ավետիսյանը: Վերջինիս խոսքով` «Մալաթիա» տոնավաճառի ճակատագիրն այն է, ինչ կա:

Ի դեպ, աշխատակիցների փոխանցմամբ` տնօրենն ասել է, թե ով չի ցանկանում, կարող է մարտի 1-ից թողնել իր տաղավարն ու գնալ: Թե որն է լուծումը, դժվար է ասել: Տնօրենն առաջարկեց մի քանի աշխատակից մոտենա իրեն, հարցը քննարկեն և լուծում գտնեն:

Սակայն գտնված լուծումը նրանց չգոհացրեց: Արդյունքում` մի շարք առևտրականներ սպառնացին լքել տարածքը և գնալ այլ տոնավաճառներ:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս