Հայկական գինիների և կոնյակների առաջին խմբաքանակն արդեն Բենիլյուքսի երկրների շուկայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 000 շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 11-ին, Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական ՛՛With Us՛՛ ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Օրեր անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրոպական Միությունում Հայաստանի առևտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է բելգիական With Us ընկերության տնօրենի այցը Երևան։

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» և «Նոյ» ընկերությունների հետ։

Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված է https://armenianbrandyandwine.com/en/ ինտերնետային կայքի միջոցով:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս