Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ին քննարկել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը, որը ներկայացվել էր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից։ Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն, բանաձևի վերաբերյալ քվեարկություն չի կայացել. որոշվել է հարցը լրացուցիչ քննարկել և քվեարկել մինչև ապրիլի 24-ը:
«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համաձայնել է հետ կանչել ներկայացված բանաձևը: Իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն կոալիցիայի պատգամավոր Շտեֆան Կաուֆմանն այս կապակցությամբ Թվիթերի իր էջում նշել է, որ Կանաչների կուսակցությունը համաձայնել է հետ վերցնել բանաձևը լրացուցիչ մշակման համար:
«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը և դրա համանախագահը նախկինում բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին:
Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի
ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված
արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: