Հունիսի 24-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փողային նվագախմբի համերգը՝ նվիրված նվագախմբի 3-ամյա հոբելյանին։
Նվագախումբը ստեղծվել է 2010-ին՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ, և արդեն 3 տարի է՝ նախարարության որևէ հանդիսավոր միջոցառում չի անցնում առանց նվագախմբի մասնակցության։
Ողջույնի խոսքում ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը մասնավորապես ասաց.
– Այս 3 տարիների ընթացքում լուրջ ծրագիր է կյանքի կոչվել: Բոլորիս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: ԱԻ նախարարությունը հանրապետության ամենաերիտասարդ կառույցներից է, սակայն մեր նվագախումբը հասցրել է դառնալ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը: Կյանքն, առհասարակ, նվագախմբի նման է՝ նախարարը դիրիժորն է, իսկ նախարարության աշխատակիցները՚ կատարողները: ԱԻ նախարարությունը լուրջ կառույց է, իսկ նվագախումբն այդ կառույցի մի մասն է:
Համերգից առաջ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը պատվոգրեր հանձնեց նվագախմբի երեք երաժշտի: Տոնական երեկոյի ընթացքում նվագախմբի ևս երեք անդամներ ԱԻ նախարարի անունից ստացան շնորհակալագրեր:
Տոնական համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր՝ Ջ. Վերդի, Ա. Պիացոլա, Ա. Խաչատրյան, Ա. Այվազյան, Գ. Հախինյան, Վ. Աճեմյան, Ա. Սմբատյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Գևորգյան և այլն:
Վերջում ԱԻՆ փողային նվագախումբը, դիրիժոր, գնդապետ Մ. Ութուջյանի ղեկավարությամբ և երգիչ Գ. Միրզոյանի կատարմամբ, կատարեց ,Հայ փրկարարի քայլերգըե։ Լեփ-լեցուն դահլիճը ոտքի կանգնած ծափահարում էր՝ ոգեշնչված տաղանդաշատ երաժիշտների կատարումներով, և շնորհակալություն հայտնում նվագախմբին:
Տոնական համերգի ավարտին նվագախմբին շնորհավորեց նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը.
– Շնորհավորում եմ ձեզ այս հիանալի տոնի կապակցությամբ, ինչպես նաև, շնորհակալություն հայտնում այս գեղեցիկ երեկոյի և այն հաճելի զգացողությունների համար, որոնք դուք մեզ պարգևեցիք ամբողջ համերգի ընթացքում: Դուք սիրված և պահանջված նվագախումբ եք ոչ միայն ԱԻ նախարարության աշխատակիցների և իրենց ընտանիքների, այլև ողջ ժողովրդի կողմից:
ԱԻ փողային նվագախմբի մասնագիտական որակները բարձր գնահատեցին նաև համերգին ներկա հայտնի կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանն ու Արա Գևորգյանը: Վերջինիս ,Արցախե ստեղծագործությունը նույնպես հնչել էր նվագախմբի կատարմամբ, ինչի հետ կապված Ա. Գևորգյանն ասաց.
– Ես հիացած եմ այս համերգով: Տա աստված, որ նման միջոցառումներն ավելի հաճախ լինեն և ցուցադրվեն հեռուստատեսությամբ: Սա լավ պրոպագանդա է գալիք սերնդի համար, որպեսզի նրանք ավելի հետաքրքրվեն բարձրարվեստ երաժշտությամբ: Հակառակ դեպքում՝ մոտ ապագայում մենք կարող ենք նման նվագախմբեր այլևս չունենալ, քանի որ մեր սերնդին փոխարինողներ շատ քիչ են գալիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբի պետ Մամվել Ութուջյանին՝ համերգային ծրագրում իմ ստեղծագործությունն ընդգրկելու համար: Նվագախումբն այն, ինչպես նաև մնացած բոլոր ստեղծագործությունները, գերազանց կատարեց: