Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Հանկարծակի ստուգման նպատակն էր ստուգել զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է զինված ուժերում պլանային և արտապլանային միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքների անցկացման և անձնակազմի զգոնության աստիճանը մշտապես բարձր պահելու կարևորությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է պատրաստ լինի կարճ ժամանակահատվածում առաջադրվող խնդիրների կատարմանը և ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում, մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: