Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շուտով կմեկնարկի 32-ամյա Վարդգես Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությունը:
Այսպես, ArmLur.am-ը տեղեկանում է, որ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, կնոջը հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը որոշակի վարձավճարի դիմաց պարբերաբար մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:
Վ. Պետրոսյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Նշենք, որ իրեղեն ապացույցների մեջ ներառվել են յուղի տարրաներ, մերսման ծառայությունների վերաբերյալ նոթատետր: