Արմեն Գեվորգյանն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում: 
Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Մասնավորապես, վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. ձեւավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ-ին, Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը, Երեւանում: “Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ կնպաստի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը”,-նշեց Ա. Գեւորգյանը: Նա նկատեց, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում եւ հույս հայտնեց, որ երկուստեք ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի համագործակցության կոնկրետ ծրագրերի: 
Դեսպանն իր հերթին նշեց, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ չկա որեւէ խոչընդոտ` երկու երկրների միջեւ լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը եւ դեսպանատան վերաբացումը նա համարեց դրա վկայությունը: Ըստ նրա` երկկողմ համագործակցության զարգացման համար լավ հող է նախապատրաստված: 
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաեւ կարեւորեցին հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: 
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս