«Հարցրեցի՝ ինչո՞ւ սպանեցիր մարդկանց, ասաց՝ это не я». Պերմյակովին տաքսու վարորդն է ուղեկցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկայի կարգավիճակով դատարան հրավիրված Սերգեյ Մերլզիկինը՝ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալը, հայտնեց, որ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին:

Հրամանատարի տեղակալի փոխանցմամբ՝  Պերմյակովի հագին եղել է ճակատին քաշված սև գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ։

Պերմյակովին գտնելուց հետո տարել են իր աշխատասենյակ, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, ապա նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարին:

Ավետիսյանների փաստաբանները հետաքրքրվեցին, թե տեղյակ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարելու, հրամանատարի տեղակալը պարզաբանեց, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի` ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ այն կառույցը, որից դիմել էր փախուստի: Վկան ներկայացրեց նաև իր և մեղադրյալի միջև տեղի ունեցած խոսակցությունը. « Հարցրեցի՝ ինչո՞ւ սպանեցիր մարդկանց: Նա ասաց՝ это не я: Հարցրեցի՝ որտե՞ղ է քո զենքը, պատասխանեց՝ թաքցրել եմ, բայց կարող եմ ցույց տալ տեղը: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ ես կերել, Պերմյակովն ասաց՝ տաքսիստը ինձ 3 շաուրմա և 3 «պեպսի-կոլա» բերեց»:




Լրահոս