Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում են Երեւանի Գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Սակայն կառուցապատման այս աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Աբովյան, Բյուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս մասին նախագիծը այսօր ՀՀ կառավարություն է ներկայացնելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականի օգոստոսի 28-ին կառավարության որոշմամբ՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ: Իսկ տարածքների ձեռքբերողներ էին ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն եւ «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:
Սակայն «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն այս տարվա փետրվարի 2-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ հայտնել, որ տարածքում առկա մեծածավալ ինքնակամ շինությունների պատճառով ընկերությունը չի կարողացել տարածքում առկա օբյեկտների սեփականատերերի հետ կնքել օտարման պայմանագրեր: Ըստ քաղաքապետարանի՝ տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Այս մասին նախագիծը քաղաքապետն այսօր կներկայացնի կառավարություն:
Հավելենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը: Նշենք, որ պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են:
Սա այն նախագիծն է, որի մասին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոսում էին դեռեւս 2003-2004 թվականներին, երբ Երեւանում սկսվեց իրացման գործընթացը: Սակայն տարեցտարի կենտրոնում գտնվող հուշարձանների մի մասը ոչնչացվում է, իսկ «Հին Երեւան» միջավայրն այդպես էլ չի ստեղծվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ