
Հայաստանի կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը երեկ վիրավորել է կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող քաղաքացիներին: ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի` Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացու հետ զրույցում նա հունից դուրս է եկել ու ասել. «Ես պարտավոր չեմ որեւէ փաստաթուղթ ներկայացնել: Պաշոլ վո՛ն, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»: Սա, թերեւս, առաջին դեպքը չէ, երբ չինովնիկը վիրավորում է մարդկանց: Բայց կառավարության ներկայացուցչի նման պահվածքն աչքի է ընկնում հատկապես Սերժ Սարգսյանի խոսքերի ֆոնին: Հիշո՞ւմ եք, նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթներից մեկում նա ասաց, թե պետական պաշտոնյաներից պահանջում է ՀՀ քաղաքացու հետ խոսել «դուք»-ով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր ընթացիկ դասախոսությունների ժամանակ մշտապես խոսում է քաղաքացիներին սիրելու եւ հարգելու անհրաժեշտության մասին: Բայց ի՞նչ: Գործադիր մարմնի աշխատակիցն իրեն անհարիր պահվածք է դրսեւորում ու դեռ շարունակում է պետբյուջեից վարձատրվելով աշխատել: