ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ուղղակի խայտառակություն է այն, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե իր առանձնատունը կառուցում է ներդրողը:
-Պարո՛ն Եղիազարյան, Գորիսի դեպքերից արդեն 20 օր է անցել, իսկ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարում է, որ դեռեւս փորձաքննությունը շարունակվում է, ու դրա ավարտից հետո միայն իրենք կարող են հայտնել՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի զենքն օրինական է եղել, թե ոչ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է այդ պարզ հարցի պատասխանն այդքան ձգձգվում:
-Նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարեւոր փաստի վրա՝ «Սյունյաց արծիվների», որոնք հորջորջում են, թե 12 հազար են Սյունիքում, պարզվում է՝ նրանց աչքի առջեւ բռնաբարություններ ու սպանություններ են եղել, եւ այդ ամենը ծաղկել ու բարգավաճել է արծիվների հուժկու եւ նպատակասլաց հայացքի տակ: Իսկ ինչ վերաբերում է զինդատախազի «փայլուն» մտքերին, ես ասել եմ, որ միգուցե մարդ է, տվյալ դասախոսությանը չի մասնակցել, բացակայել է, հակառակ դեպքում կիմանար, որ զենք-զինամթերքի օրինականություն պարզելու հարցը 3 վայրկյան է: Երբ որ ընդդիմադիրների մոտ 2-3 փամփուշտ էին հայտնաբերում, անմիջապես կալանքի էին վերցնում: Խնդրում եմ՝ էդ դատախազին հուշե՛ք, մարդ է, երեւի հիվանդացել է, այդ լեկցիային չի գնացել, թող վերցնի Քրեական օրենսգիրքը, իր դատախազից պահանջի 135 հոգու հանդեպ արած այլանդակությունները՝ կալանքի վերցրած մարդկանց գործերը, եւ տեսնի, թե 20-30 դեպքում մի քանի փամփուշտի համար քանի հոգու կալանավորեցին: Կամ եթե զենք են հայտնաբերել, քաղաքացին եթե ներկայացնում է փաստաթուղթ, ուրեմն օրինական է, չներկայացրեց` ուրեմն անօրինական է. ի՞նչ նախաքննություն, ի՞նչ փորձաքննություն, ի՞նչ տափակություն: Տեսե՛ք, թե ինչ վիճակում է գտնվում իրավական դաշտը: Իսկ այս ընթացքում կլինեն մարդիկ, ովքեր կլափեն ուրիշի ունեցվածքը եւ կսպասեն հերթական զոհին:
-Նկատի ունեք օֆշորային եռյակի վերջին սկանդա՞լը:
-Ես դրան սկանդալ չէի ասի, մենք ապրում ենք Հայաստանի ապահով երկրում: Մի բան է հետաքրքիր. երբ իր դղյակի մասին հարց են ուղղում Իշխան Զաքարյանին, որը 15 տարի առաջ սեփական կատու չուներ, որ մի հատ հոտ քաշեր, ասում է՝ թուղթ առ թուղթ, գրամ առ գրամ ցեմենտները, թղթերը ես կներկայացնեմ՝ ներդրողն է կառուցել: Էդ տղային ասե՛ք, թող էդ ներդրողին ասի՝ մի քանի հատ էլ աղքատների համար կառուցի, Շիրակի մարզում մինչեւ այսօր տնակներում ապրող հազարավոր ընտանիքներ կան, թող շենքե՛ր կառուցեն: Այդ չինովնիկին ասե՛ք, որ մինչեւ հանրապետության նախագահ կոչվածը, եթե 50 դոլարից ավելի է ստանում, պարտավոր է մուտքագրել որպես պետության ենթակա արժեք: Այդ չինովնիկը միլիոնանոց նվերներ է ստանում Հայաստանում եւ առանց անհարմար զգալու, առանց իր կոկոն աշխատեցնելու, թե ինչի մասին է զառանցում, դրա մասին հայտարարում է ԱԺ ամբիոնից: Իսկ այս ֆոնի վրա ումի՞ց է պակաս Տիգրան Սարգսյանը, տեսքը տեղն է, կոշիկները փայլեցրած է, գլուխը ոնց որ սանրած է, ի՞նչն է պակաս Ի. Զաքարյանից: Նաեւ «սուրբը»՝ Կճոյանը, հավաքվել են ու նման բան են արել:
-Նախօրեին «Հետք»-ը հրապարակեց նրանց «գործընկեր» Աշոտ Սուքիասյանի նամակը, որտեղ վերջինս նշել է, թե այդ ամենի հեղինակն ինքն է…
-Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ, ես ճանաչում եմ Աշոտ Սուքիասյանին ու ասեմ Ձեզ, որ այն մտքերն ու նախադասությունները, որ օգտագործված են, իրենը չեն: Իմ կարծիքով՝ դա «Ամերիա» բանկի ծրագիր կազմողի նամակն է, որովհետեւ այդ արտահայտությունները շատ մասնագիտական են: Աշոտը բարձրագույն կրթություն չունի: Փաստերը շարադրել է բանկի աշխատողը: Բայց միանշանակ կասեմ, որ տեքստի տակ կստորագրի Աշոտ Սուքիասյանը՝ նամակը չգրելով հանդերձ:
-Բայց ինչո՞ւ է Սուքիասյանն ամբողջ մեղքն իր վրա վերցրել:
-Որովհետեւ, որպես կանոն, մաֆիան չի ներում, եթե մաֆիոզների շարքում կան սրբացվածներ, նրանք սպանում են, որպես կանոն: Դա մաֆիայի օրենքն է: Եվ այստեղ Ա. Սուքիասյանը քավության նոխազ է: Նրան ժամանակին կա՛մ կվերացնեն, կա՛մ ընդհանրապես չեն գտնի: Եթե գտնեն, ապա մաֆիան կորոշի, որ պետք է գտնենք, բերենք եւ համապատասխան ցուցմունքն ի լուր աշխարհի ստանանք: Բայց, ինչեւիցե, մարդու ունեցվածքը լափել են սրիկայաբար: Նամակում մի հետաքրքիր փաստ էլ կա. նշում է, թե կառավարությունում ինքը ժողովի է մասնակցել ու ներկայացրել, որ 20-30 տոկոս ցածր գնով Աֆրիկայից ալմաստի հումք կարող է բերել, որտեղ ավելի քան 20 ձեռնարկություններ են մասնակցել: Նման թվեր չեն կարող լինել: Նման դեպքում պետք է Ա. Սուքիասյանին դուրս հրավիրեին, ոչ թե գործարք կնքեին: Խաբեությունը գրված է հենց նամակի մեջ: Սա է «ապահով» Հայաստանը:
ՆԱՄԱԿԸ ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ԳՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ