«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Էդգար Ներսիսյանը պատմեց, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Բանն այն է, որ քաղաքացին Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից ու նույն կերպ վերադարձել Երեւան: Իրերը փոխանցել է ավիաընկերությանը, որպեսզի Երեւանում ստանա, սակայն մայիսի 27-ից մինչեւ այսօր քաղաքացու իրերը չեն կարողանում գտնել:
«Գուանջո քաղաքից ես առեւտուր եմ արել՝ չհաշված իմ մնացած իրերը, ու հետ գալուց քարտի քաղվածքը կա, թե ես որքան գնումներ եմ կատարել, աէրոպորտում ես հանձնել եմ իմ բագաժը, որ Երեւանում ստանամ, ու այն անհետացել է: Այստեղ ման են գալիս, չեն հայտնաբերում: Ես գնացի ավիաընկերություն, այնտեղից ինձ ասեցին, թե 21 օր սպասե՛ք, մինչեւ կարողանանք գտնել»,-կատարվածը ներկայացրեց Էդգար Ներսիսյանը:
Մեր զրուցակցի խոսքով` ընկերությունում տեղեկացրել են, որ ուղեբեռը չգտնելու դեպքում իրեն կարող են վճարել 1 կիլոգրամի դիմաց ընդամենը 20 դոլար. «Նախ՝ ես նման տեղեկություն չունեի, հետո էլ ես իմ քարտի քաղվածքով կարող եմ ցույց տալ, որ ես այդտեղից 3 հազար դոլարի գնումներ եմ կատարել ու չհաշված իմ մնացած իրերը, որը գումարելով` կկազմի 4-5 հազար դոլար կամ ավելի շատ: Շատ թանկանոց իրեր կային, ու ես հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչքան է կազմում կորուստը: Իրականում 7-8 հազար դոլարի ապրանք ունեմ, բայց ես կարող եմ հիմնավորել միայն 3-4 հազար դոլարը, քանի որ քաղվածքով դա կարող եմ հաստատել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ իրավիճակում եմ ես հայտնվել: Փաստորեն, այսօր չի կարելի որեւէ ընկերության վստահել: Ի դեպ, նշեմ, որ ես իրենց հաճախորդն եմ ու ամեն անգամ այդ ընկերության ծառայություններից եմ օգտվել: Սակայն այսօր հայտնվել եմ նման տհաճ վիճակում, ու ընկերությունը մատը մատին չի խփում օգնելու, աջակցելու համար: Մի բան էլ դեռ նման ծիծաղելի գումար են ուզում որպես փոխհատուցում վերադարձնել»:
Ըստ քաղաքացու՝ ինքը չի ցանկանում որպես փոխհատուցում առաջարկվող 200 դոլարը վերցնել, քանի որ դա արդեն իր համար էական չէ. «Ուղղակի ամոթալի է, որ մարդուն փորձում են խաբել ու այդքան գումար վերադարձնել այն դեպքում, երբ դա կորցրածի գոնե կեսը չի կազմում»:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ «Աէրոֆլոտ»-ից, սակայն ընկերությունում ոչ ոք չէր ցանկանում մեկնաբանել կատարվածը: Միայն մեր զանգերին պատասխանող աշխատակցուհի Զառան ժամեր անց ասաց, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանը փոխանցում է, որ քաղաքացին կարող է նամակով դիմել իրենց ընկերությանը: Իսկ քաղաքացին էլ չի ցանկանում նամակով դիմել, քանի որ արդյունքում իրեն կվերադարձնեն ընդամենը 200 դոլար:
«ԱԷՐՈՖԼՈՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ