Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարարը նկատեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի առաջին տրանշի աշխատանքների բարեհաջող ավարտը հետագա գործակցության համար երկուստեք կարևոր նշանակություն ունի:

Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է նաև Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին: Նախարարը պարզաբանեց, որ նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և հրաշալի հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները:

Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան միջազգային չափանիշներին համապատասխանող՝ նյութատեխնիկական բազա և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին վերաբերող առանցքային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին փոխադարձ վստահության և արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ճանապարհաշինական աշխատանքներին ԱԶԲ-ի ներգրավումը հետագայում ևս կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ենթակառուցվածքների հիմնանորոգման խնդիրների լուծմանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս