Արմեն Սարգսյանն ավարտում է Չինաստանում իր դիվանագիտական առաքելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ փետրվարի 17-26-ը մի շարք հանդիպումներ է ունեցել իր չինացի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փետրվարի 17 -ին դեսպան Սարգսյանը հանդիպում է անցկացրել Չինաստանի Կումկուսի կենտկոմի միջազգային բաժնի պետի տեղակալ, փոխնախարար Ճոու Լիի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդմանը ու զարգացմանն ուղղված հնարավորությունները։ Ընդգծվել է, որ բացառապես խաղաղ ճանապարհով տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից և նպատակներից։

Փետրվարի 22-ին «Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիայի» փոխնախագահ Ճաո Չունչաոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են «Cubesat» տեսակի արբանյակներ բաց թողնելու գործում համագործակցության մանրամասներ, ինչը Հայաստանի հետ տարբեր գիտական ոլորտներում ապագա համագործակցության հիմք կարող է հանդիսանալ:

Փետրվարի 23-ին Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Խուիլայի հետ հանդիպմանը չինացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սկզբունքային հարցերում Չինաստանին սատարելու համար։ Նա նշել է, որ Չինաստանը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հատկապես կարևորելով համագործակցությունը ԵԱՏՄ և ՇՀԿ շրջանակներում։

Փետրվարի 25-ին դեսպան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նաև Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լինի հետ։ Կողմերը կարևորել են Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը` նշելով, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ է հանդիսանում։

Փետրվարի 26-ին կայացել է ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումը Չինաստանի մշակույթի փոխնախարար Դինգ Վեյի հետ։ Վերջինս հորդորել է հայկական կողմին ակտիվ մասնակցություն ունենալ տարվա ընթացքում Չինաստանում կազմակերպվող տարաբնույթ միջազգային ցուցահանդեսներին, փառատոններին, որոնք նպատակ ունեն ներկայացնելու հատկապես Մետաքսի ճանապարհի երկրների մշակույթը։ Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել մշակութային բնագավառում համագործակցության կարևորությունը։

Չինացի գործընկերները շնորհակալություն են հայտնել դեսպան Սարգսյանի դեսպանավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում կատարած իր աշխատանքի ու ներդրումի համար` շնորհավորելով դիվանագիտական առաքելության հաջող ավարտի կապակցությամբ: Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՉԺՀ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար:




Լրահոս