«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում այսօր տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի հանդիպումը համայնքի բնակիչների հետ:
«Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Սասուն Միքայելյանին առաջադրել որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Հրազդանի նախկին քաղաքապետ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը նշեց, որ Հրազդանում տարածված տեսակետ կա, թե ինքը գալիս է պրոբլեմներ ստեղծելու, բայց, նրա խոսքով, ինքը գալիս է ոչ թե իր թիմի քաղաքապետ, այլ` Հրազդանի:
«Ես մոտ վաթսուն տոկոս երիտասարդ եմ բերելու և ուզում եմ, որ կառավարումը փոխանցվի երիտասարդներին»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում շնորհավորեց հրազդանցիներին, որ Միքայելյանի նման քաղաքապետի թեկնածու ունեն, և ինքը մեծ սիրով է համաձայնել գլխավորել Միքայելյանի շտաբը:
«Քաղաքական կյանքի ամենահայտնի դեմքերից մեկն է նա, Հրազդանի ամենահայտնի քաղաքացիներից մեկն է, Արցախյան պատերազմի մասնակից է: Սասուն Միքայելյանն ուզում է փոխել Հրազդանի տրամադրությունը: Երկար ժամանակ այդ տրամադրությունն անկումային է», – ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով`ցանկացած բան էլ կարելի է փոխել, ամենակարևորն այն է, որ որոշում կայացնողը հրազդանցին է: Հավելենք, որ ՔՊ անդամները Սասուն Միքայելյանի համար պաստառ էին պատրաստել` նրա պատկերով, որում գրված էր. «Որ ժպտաս Հրազդան, Սասուն Միքայելյան»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան