Արամ Հարությունյանը պարտքեր է կուտակում, իսկ կառավարությունը՝ մարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ հատկացվեց: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացել են էլեկտրաէներգիայի գծով եւ «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց կրեդիտորական պարտավորություններ:

Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ վերը նշված պարտքերի վճարումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:
Այսինքն՝ ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն եւ նրանց անունից կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին համապատասխանաբար էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունների դիմաց կվճարի մոտ 610 մլն դրամ: Նշված գումարից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կվճարվի ավելի քան 609 մլն դրամ: Իսկ «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով կվճարվի 1.5 մլն դրամ:

Նշենք, որ այս նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:
Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, որովհետեւ ոչ մի ձեւ չկա վերահսկելու, պարզելու, թե ինչպես են կարողանում ՋՕԸ-երը պարտքեր կուտակել: Չէ որ հատկապես վերջին տարիներին, գարնան, ամռան եւ աշնան ամիսներին Արարատի, Արմավիրի մարզերի գյուղացիները բողոքում են ջուր չլինելուց: Բոլորին է հայտնի, որ ՋՕԸ-երի ղեկավարները պարտադրում են գյուղացիներին վճարել իրենց ծառայության դիմաց վարձավճարները:

Իսկ գյուղացիներն էլ պարտադիր վճարում են, որովհետեւ այլ ելք չունեն: Պարզապես չեն կարող չտալ, քանի որ իրենց բերքը կփչանա առանց ջրելու: Այնուամենայնիվ, ջրի ոռոգման համակարգը Հայաստանում ամենամութ եւ փակն է, նաեւ ամենակոռումպացվածը: Հավանաբար սա է պատճառը, որ ՋՕԸ-երի աշխատանքը թափանցիկ չէ:

Ջրի ոռոգման համակարգը գործող իշխանության համար գյուղացիների վրա ազդելու հսկայական լծակ է, որը, պարբերաբար, քաղաքական նպատակներով օգտագործվում է: Սա է պատճառը, որ այս համակարգը միշտ պահում են կոռումպացված: Եւ հենց գալիս է ընտրությունների ժամանակը, այն անմիջապես կիրառում են: Այստեղ տարօրինակն այն է, որ գյուղացին վճարել է իրեն վաճառած ոռոգման ջրի դիմաց, սակայն, չգիտես թե ինչու, ՋՕԸ-երը պարտքեր են կուտակել: Որտե՞ղ են գյուղացիների վճարած գումարները: Ո՞ւմ կողմից են դրանք գրպանվել: Ինչո՞ւ պետք է կառավարությունը մարի ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքի հետեւանքով կուտակված պարտքերը: Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ պատասխաններ չունեն: Ի դեպ, գյուղացիների հետ ջուր վաճառելու դեպքում ՋՕԸ-երը նույնիսկ պայմանագիր չեն կնքում, եւ ոչ էլ կտրոն են տրամադրում վճարած գումարի դիմաց: Չի վերահսկվում ոչինչ:

Իսկ Արամ Հարությունյանը, ով նախկինում բնապահպանության նախարար էր, կրկին խայտառակ իրավիճակ էր ստեղծել ջրի ոլորտում: Վերջինս անխնա ջրօգտագործման թույլտվություններ էր տրամադրել ձկնաբուծական տնտեսություններին: Ինչի արդյունքում Արարատյան դաշտավայրը այսօր կանգնած է ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման ջրի կորուստի վտանգի առաջ: Ավելին՝ այն ջրազրկվել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս