ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՂՆԵՐԸ ՍԵՆՍԱՑԻԱ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում մեծ աղմուկ բարձրացրած կրակոցները, որոնք ուղղված էին ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, նույնքան  աղմկահարույց կերպով շարունակում են քննության առարկա դառնալ դատարանում: Մինչ օրս հայտնի չէ՝ ով էր արդյոք պատվիրել Պ. Հայրիկյանի սպանությունը, կամ, ինչպես նշվել է դատարանում, ում էր ձեռնտու վախեցնել նրան:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, անհայտ անձը Պ. Հայրիկյանի տան շքամուտքի մոտ «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից կրակել էր Պ. Հայրիկյանին: Վերջինիս տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այդ օրերին Հայրիկյանը հայտարարեց, որ իր դեմ մահափորձ պատվիրողը հայ չէ, այլ «ռուսական իմպերիալիզմի» ներկայացուցիչ, իսկ կրակողը՝ սլավոնական արտաքինով երիտասարդ: Այս ամենից որոշ ժամանակ անց կալանավորվեցին սլավոնական արտաքին չունեցող մարդիկ՝ Սամվել Հարությունյանը ու Խաչատուր Պողոսյանը, որոնց միակ արժանիքն այն էր, որ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հարեւաններն էին ու իրականացրել էին Սեդրակյանի տան սալիկապատումը:
Կալանավորվածների հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեցին հայտարարել, որ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու պատվիրատուն եղել է Վ. Սեդրակյանը, ինչին հաջորդեց էպոսագետի կալանավորումը:
Թեեւ Խ. Պողոսյանի կինը` Նոնա Հակոբյանը, մեզ հետ զրույցում 2013թ. փետրվարի 14-ին պնդել էր, որ պատվիրատուն Վ. Սեդրակյանն է, այնուամենայնիվ, երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկանդալային բացահայտում տեղի ունեցավ: Խաչատուրը «մաքրեց» էպոսագետին: «Մի օր Սամվելն ինձ ասեց, որ մի հատ գործ կա անելու, մարդ պետք է վախացնենք: Բայց ո՛չ ասեց՝ ով ա իրան ասել, ո՛չ ասեց՝ խի պետք ա արվի, ինչի համար ա դա»,-ասաց Խաչատուրը` հավելելով, որ ինքը կրակոցն արձակել է Պ. Հայրիկյանին վախեցնելու համար, սակայն տուժող Պ. Հայրիկյանը շարժումներ է արել՝ պաշտպանվելու համար, ինչի արդյունքում առաջին կրակոցը անզգուշաբար կպել է նրան: Ըստ Խաչատուրի՝ հետագայում, երբ ինքն ու Սամվելը հանդիպել են, պայմանավորվել են, որ իրենց կալանավորելու դեպքում պիտի ասեն՝ Վ. Սեդրակյանն է դա պատվիրել՝ նկատի ունենալով, որ նա իրենց կօգնի:
Մինչդեռ նույն Խ. Պողոսյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում հայտնել էր, որ իրեն եւ Ս. Հարությունյանին նախագահական ընտրարշավի ժամանակ Վ. Սեդրակյանն ասել էր, թե պետք է վախեցնել Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին. «Ասեց՝ մեքենան պիտի վառեք, լավ կլինի՝ հյուրանոցի մոտ, բենզինի շի՛շ նետեք, որ ախրանա չլինի: Վարդանը հետո ասաց՝ լավ կլինի՝ Սերժի եղբորը՝ Սաշիկին վախեցնել: Հարմար պա՛հ ընտրեք: Բայց դա հիմա պետք չի, նրա ախրանան ուժեղ է: Նա ասաց՝ հետո կասեմ»:
Ի՞նչ է կատարվում Հայրիկյանի մահափորձի գործով, ինչպե՞ս տարբերակել ճիշտը սխալից: «Ժողովուրդ»-ը նախ փորձեց ցուցմունքները փոխած ամբաստանյալ Խաչատուրի կնոջից՝ Նոնա Հակոբյանից, պարզել, թե ինչու է ամուսինը «մաքրում էպոսագետին»: «Ինձ համար զարմանալի է այն, որ Պ. Հայրիկյանին երբ նոր էին կրակել, կրակողին միանգամայն այլ մարդ էր նկարագրել: Պար՞զ չէ, որ իրեն ներկայացրել են՝ սա է, սա է, ինքն էլ պետք է ասի` էս է: Չգիտեմ՝ ինչ մտածեմ, շատ անորոշ վիճակ է: Միգուցե վախեցրել են: Շատ հնարավոր է: Կարծում եմ՝ այդպես է եղել: Միգուցե Վարդան Սեդրակյանը խոստումներ է տվել, ասել են՝ դուք ձեր վրա՛ վերցրեք, մենք մի բան կանենք»,-ասաց նա:
Խաչատուրի զոքանչին էլ՝ տիկին Կարինեին, ապշեցրել էր այն փաստը, որ իբր թե պետք է վախեցնել Ս. Սարգսյանի փեսա Մ. Մինասյանին: «Ախր Խաչիկը դատարանում ասաց, որ ինքը նման բան չի գրել, իսկ իրեն ասացի՝ թե՞ չես գրել, ասել ես՝ գրել են: Ապշած եմ, Խաչիկն ի՞նչ գործ ունի Ս. Սարգսյանի եղբոր կամ փեսայի հետ: Ես հաստատ գիտեմ, որ անվտանգությունն ամեն կերպ աշխատել է այս ուղղությամբ, ինչ-որ բաներ են փաթաթում ինչ-որ մարդկանց աչքին լավ երեւալու համար: Խաչիկն էլ էր այս ամենից զարմացած»,-ասաց զոքանչը՝ կարծիք հայտնելով, որ Խաչիկին ստիպել են, որ նա այդպիսի բան ասի: Իսկ թե ով, չի կարող ասել:
Ինքը՝ տուժող Հայրիկյանը, հրաժարվում է մեկնաբանել գործի մանրամասները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել էր. «Միայն քաղաքական թեմաներով կխոսենք: Այդ թեմայով չենք խոսում»:
Նկատենք, որ սա մեր երկրում այն հերթական քրեական գործերից է, երբ քաղաքականությունից անտեղյակ քննիչները որոշել են քաղաքական գործընթացները տեղափոխել իրավական հարթություն: Եվ, ինչպես միշտ, ստացվել է զավեշտալի պատկեր: Ինչպես գրված է գործի մեղադրական եզրակացության մեջ, Սեդրակյանն իր մտերիմներ Ս. Հարությունյանին եւ Խ. Պողոսյանին 2013-ի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պ. Հայրիկյանի սպանությունը` 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այս գործը կատարելու համար Վ. Սեդրակյանը զենք ձեռք բերելու նպատակով նրանց տվել է 1000 դոլար:
Սակայն այս ամենը դատարանում ուղղակի «պայթեց»: Պարզվեց, որ 1000-դոլարանոց պատվիրված մահափորձի տուժողի հագուստն անգամ վնասված չէ: Վ. Սեդրակյանի պաշտպան «Սիրունյան» գրասենյակն օրերս հայտարարեց, որ դատարանում զննելով Պ. Հայրիկյանի հագուստները՝ պարզվել է, որ աջ մասում՝ երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն: Հայրիկյանն էլ վերջնականապես չխայտառակվելու համար ստիպված եղավ ասել. «Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում»:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը եւս կարող է դասվել Հայաստանում գրանցված մի շարք հանցագործությունների թվին, որոնք այդպես էլ մնում են չբացահայտված: Ծիծաղ է առաջացնում նաեւ այն փաստը, որ մարդիկ թաշկինակի պես իրենց ցուցմունքները փոխում են` տարբեր հայտարարություններ անելով, դատարանում նստած իրավապահ մարմինների «ականջներից լապշա կախելով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս