Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել. պաշտոնական վիճակագիրներն օդից վերցված թիվ են նկարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա վերաբերյալ հրապարակված առաջին վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում այս տարվա հունվարին եւս սպառողների գնողունակությունը շարունակել է անկում ապրել:

Այսպես՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվարին Հայաստանում իրականացված առեւտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 117 մլրդ 958 մլն 400 հազար դրամ: Այս ցուցանիշը անցած 2015 թվականից պակաս է ավելի քան երկուսուկես միլիարդ դրամով, կամ նույնն է, թե մոտ 3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նույն՝ 2015-ի հունվարին, նախորդ՝ 2014-ի համեմատ, առեւտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել էր շուրջ չորսուկես միլիարդ դրամով: Այսինքն՝ առեւտրաշրջանառության անկման, կամ նույնն է, թե սպառողների հետզհետե աղքատացման գործընթացը, որին ականատես եղանք անցած ողջ տարվա ընթացքում, այս տարի եւս շարունակվում է:

Իսկ այն փաստը, որ առեւտրաշրջանառության ծավալները նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են ընդունում, ուղղակի գուժում է Հայաստանի տնտեսության դեպի անդունդը գլորվելու գործընթացի` այս պահին դեռեւս շարունակվելու մասին: Ավելին՝ կարող ենք ի սկզբանե կասկած չունենալ, որ սպառողների երկուսուկես միլիարդ դրամով աղքատացման փաստն առավել շատ արտահայտվում է հենց փոքր խանութների մոտ: Այսինքն՝ սպառողների աղքատացման այս գործընթացն իրականում կրկնակի բացասական ազդեցություն է ունենում:

Փոքր խանութների ողբերգական վիճակը գիտակցելու համար մի փաստ բերենք: Մինչեւ այս տարի պաշտոնական վիճակագրության մեջ ՀՀ ԱՎԾ-ն մանրածախ առեւտրով զբաղվող, այսպես կոչված՝ «գերփոքր» խանութների շարքին էր դասում մինչեւ 5 աշխատող ունեցող առեւտրի կետերը: Սակայն այս տարվա սկզբից այս դասակարգումը փոխվել է: Ըստ ԱՎԾ-ի՝ «գերփոքր» խանութներն այն առեւտրի կետերն են, որոնք ունեն մինչեւ 9 աշխատողներ: Արդյունքում, «գերփոքր» տողով ներկայացվող շրջանառության ծավալներն արհեստական ավելացել են, որովհետեւ վիճակագրական այդ տողի վերջնաարդյունքում ներառվող խանութների թիվը, վերը բերված փոփոխության արդյունքում, ավելացել է մոտ 2 հազարով: Այսպիսով՝ պաշտոնական վիճակագիրները ոչ միայն «գերփոքրներ» շրջանառության կեղծ աճ են ապահովել, այլ նաեւ թաքցրել են այն իրողությունը, թե փոքր խանութներն իրականում ինչ ողբերգական վիճակում են հայտնվել:

Ինչեւէ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվարին, չնայած սպառողների շարունակական աղքատացմանը, տնտեսության ակտիվության գործակիցն, անցած տարվա հունվարի համեմատ, աճել է 5,5 տոկոսով, արդյունաբերությունն ընդհանրապես երկնիշ աճ է ունեցել՝ 15,7 տոկոսով, եւ այսպես շարունակ: Նույնիսկ արտահանման ծավալների` 5,6 տոկոսի աճ է ներկայացվում: Այս հանգամանքը թերեւս պայմանավորված է այն փաստով, որ անցած տարվա հունվարին արտահանման ծավալներն այնքան էին նվազել, որ դրանից ներքեւ կնշանակեր՝ այդ ցուցանիշը պետք է դառնար զրոյական:

Պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն, ուշագրավ մի տվյալ կա, որը վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձերի թվերին: Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունվարին կազմել է մոտ 180 հազար դրամ, որն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 3,5 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կտրուկ նվազել է անցած տարվա դեկտեմբերի համեմատ: Այսպես՝ ընդհանուր անկումը, որն իր մեջ ներառում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական աշխատողների միջին անվանական աշխատավարձերի նվազումը, կազմել է մոտ 20 տոկոս:

Իսկ առանձին-առանձին ոչ պետական աշխատավարձի անկումը այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, կազմել է 18 տոկոս, իսկ պետական աշխատողների դեպքում այդ թիվը եղել է 21 տոկոս: Մի կողմ թողնենք ոչ պետական աշխատողների աշխատավարձի խնդիրը, առավել ուշագրավ է, որ պետական աշխատողների դեպքում է մեկ ամսվա կտրվածքով նման կտրուկ տատանում ներկայացվում: Անհասկանալի է մնում, թե ինչի հաշվին են պաշտոնական վիճակագիրները նախ դեկտեմբերի աշխատավարձերը այդքան կտրուկ բարձր ներկայացրել, իսկ այնուհետեւ հունվարին իջեցրել: Եթե դեկտեմբերի պետական աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձի մեջ ներառել են նաեւ պրեմիաները, ապա այդ դեպքում դեկտեմբերի աշխատավարձը պետք է կրկնակի աճած լիներ, իսկ հունվարին էլ այն հիսուն տոկոսվ նվազեր:

Բանն այն է, որ պետական բազմաթիվ գերատեսչություններում ընդունված է տարեվերջին, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» վճարել: Սակայն այս դեպքում դրա մասին չի խոսքը: Առավել եւս, որ պրեմիան չէր կարող դիտարկվել իբրեւ միջին ամսական անվանական աշխատավարձի մաս: Ուստի մնում է ենթադրել, որ պաշտոնական վիճակագիրները անցած տարվա դեկտեմբերի տվյալները ներկայացնելիս պարզապես օդից վերցված թիվ են նկարել, որպեսզի ընդհանուր վիճակագրության աճ «նկարեն», իսկ այժմ էլ վերադառնում են հին մակարդակին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս