ԴԱՀԿ-ն կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ էլ եգիպտական հուշանվերներ է վաճառքի հանել: Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել եգիպտական մոտիվներով նկար-պապիրուս «Թութանհամոնի մեղրամիսը», առանց շրջանակի, գույնը՝ դեղին, լայնությունը՝ 39 սմ, երկարությունը՝ 60 սմ: ԴԱՀԿ-ն վստահեցնում է, որ նկար-պապիրուսը լավ վիճակում է:

Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով, բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ եգիպտական մոտիվներով նկար: Սուրճի բաժակները 6 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ:

Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա ԴԱՀԿ-ն կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ տեսականին այդքան մեծ չէ, եւ քանակն էլ սահմանափակ է՝ էժան գներով:




Լրահոս