ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Մոսկվայում քննարկվեցին ՀՀ կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդ»-ի 20% բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցելու, ինչպես նաեւ ՀՀ-ում ռուսական գազի գնագոյացման, հայաստանյան սպառողին բարձր գնով գազ տրամադրելու հարցերը: Հայաստանի էներգետիկան գրեթե ամբողջությամբ կախված է ներկրվող գազից, որի առաքումը սահմանի վրա իրականացնում է «Գազպրոմ»-ը՝ այն վաճառելով «Հայռուսգազարդ»-ին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2006թ. «Գազպրոմ»-ի եւ ՀՀ կառավարության միջեւ 25 տարի ժամկետով ստորագրվել է համաձայնագիր, որով ռուսական կողմին իրավունք է տրվել մասնակցել ՀՀ տարածքում գազի եւ էներգետիկ ոլորտում ծրագրերի իրականացմանը: Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով բարձրացնել «Գազպրոմ»-ի բաժնեմասը՝ այն հասցնելով «Հայռուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալի մինչեւ 80% չափով: Պայմանագիրը ստորագրելուց անցել է ընդամենը 7 տարի, եւ ռուսական կողմը կրկին բանակցությունների սեղանին է դրել գազի հարցը՝ այս անգամ արդեն պահանջելով 100% բաժնեմասը: Բանակցությունները շարունակվում են, իսկ ՀՀ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Արդյոք կհաջողվի վերջինիս դիմակայել Ռուսաստանի էներգետիկ, իսկ իրականում քաղաքական պահանջին, ցույց կտա ժամանակը:

ՀԱՐՑ. Ճի՞շտ եք համարում «Հայռուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալի 100-տոկոսանոց բաժնետոմսերի վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին, եւ արդյո՞ք հայկական կողմը կարող էր խուսափել այդ գործարքից: Մտավախություն չկա՞, որ մենաշնորհ ձեռք բերելով՝ «Գազպրոմ»-ը ցանկացած պահի կարող է կրկին բարձրացնել գազի գինը:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Վերջապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց այն, ինչ երկար ժամանակ գրված էր «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքում: Քանի որ  «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20%-ը որեւէ մեկի անձնականը չէ, այլ ՀՀ սեփականությունն է, ապա ցանկացած այդպիսի գործարքի, բանակցության խորհրդարանը  պիտի  տեղյակ լինի: Այսօր ես Արմեն Մովսիսյանին հարցրի, թե ինչի դիմաց է տրվում այդ 20%-ը, վերջինս պատասխանեց` ապահովության: Ես կարծում եմ, որ խորհրդարանը պետք է լսումներ կազմակերպի, եւ կառավարության կողմից մեզ տրվի բացատրություն, թե որն է այդ ապահովության գինը, որպեսզի մենք իմանանք, թե ինչի դիմաց է արդեն 100% փաթեթը հանձնվում «Գազպրոմ»-ին: Սա լուրջ խնդիր է, եւ հայ ժողովուրդը իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում իրականում:
Այս գործարքի հետ կապված յուրաքանչյուր մտավախություն անհանգստացնող է, քանի որ միանձնյա սեփականատեր դառնալով՝ «Գազպրոմ»-ն ինքը կորոշի խաղի կանոնները:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս