Ստեփանավանում Արմանիսի բազմամետաղային հանքի շահագործումից հետո բնակչության մի մասն ապահովվեց աշխատանքով: Սակայն այդ փաստը մխիթարող կլիներ այն դեպքում, եթե հանքն աշխատեր առանց բնապահպանական նորմերի խախտման: Ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ ղեկավարությունը մինչեւ հանքի շահագործումը սկսելը բազմիցս հավաստիացրել է, որ իրենք ընտրել են պոչանքների մաքրազտման, ջուրը հանքավայր վերադարձնելու եղանակը՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը: Սակայն հանքի շահագործումից հետո պարզ դարձավ, որ այդ հավաստիացումներն առ ոչինչ են:
Ներկայումս Ստեփանավանի տարածքով անցնող Ձորագետը մեծ սպառնալիքի տակ է: Բանն այն է, որ հանքավայրը, ինչպես նաեւ ոսկու հարստացման ֆաբրիկան, տեղակայված են գետի հարեւանությամբ՝ բնակավայրերին շատ մոտ, եւ վտանգավոր մետաղներով լի թափոնները լցվում են ջրի մեջ: Բնակիչներն օգնության խնդրանքով դիմել են «Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանին, որը դիմել է ընկերության տնօրինությանը, սակայն նրա հարցերը երկար ժամանակ անպատասխան են մնացել: Արձագանքելով հանրության պահանջին՝ Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնն իրականացրել է համապատասխան հետազոտություն: Մ. Մելիքջանյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հեռախոսային խոսակցության ընթացքում Արմանիսի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչը պնդել է, որ արտադրական ջուրը գիշեր-ցերեկ ստուգվում է լաբորատորիայում, հետո նոր բաց թողնվում գետ: Սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ձորագետի ջուրը խիստ աղտոտված է, ունի դարչնագույն երանգ: Դա տեսանելի է նաեւ հասարակությանը: Ձկնորսները բողոքում են, որ գետում այլեւս ձուկ չկա՝ պատճառը համարելով Արմանիսի ոսկու հանքի` գետը լցվող թափոնները: «Օրհուս» կենտրոնի համակարգողն Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրի խախտումների վերաբերյալ հարցումով դիմել է քաղաքապետին: Ստեփանավանի եւ հարակից համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստեղծել են աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հիմնախնդրի ամենօրյա հսկողությամբ:
Դեռ մեկ տարի առաջ Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնն ահազանգ է ունեցել նաեւ Արմանիսի դպրոցի բակի մեծածավալ հանքաթափոնների մասին, որոնց վրա խաղում են երեխաները: Հայաստանի Ամերիկյան համալսարանի փորձագետները, արձագանքելով ահազանգին, հանքաթափոնների հետազոտություն են կատարել: Պարզվել է, որ թափոնները, որոնց վրա խաղում են Արմանիսի դպրոցի աշակերտները, լի են մկնդեղով եւ ծանր մետաղներով: Մ. Մելիքջանյանը հանդիպել է Արմանիսի դպրոցի տնօրեն Արամ Մխոյանի հետ, ներկայացրել հետազոտության արդյունքները: Դպրոցի տնօրենը պատմել է, որ ինքը հանքի նախկին տնօրինությունից խնդրել է բակում կավ բեռնաթափել երեխաների համար հարթակ կառուցելու նպատակով, սակայն չի իմացել, որ կավի փոխարեն թունավոր հանքաթափոններ են բերել: Այժմ ստիպված է սպասել ձեռնարկության նոր տնօրենին՝ դպրոցի բակը թունավոր թափոններից մաքրելու խնդրանքով դիմելու համար:
Լոռի