«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին առնվազն երեք համապետական ընտրություններում ՀՅԴ-ի արձանագրած արդյունքները վկայում են, որ եթե այս քաղաքական ուժը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեր, ապա առաջիկա` 2017 թվականի ԱԺ ընտրություններում Դաշնակցությանը սպասում էր կատարյալ ձախողում: Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը մի կերպ հաղթահարեց նվազագույն 5 տոկոս անցողիկ շեմը:
Այնուհետեւ 2013-ի փետրվարի 18-ին ՀՅԴ-ն չհամարձակվեց մասնակցել նախագահական ընտրություններին, չնայած այդ կուսակցությունն այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Իսկ 2013-ի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը ՕԵԿ-ի հետ գրեթե հավասար՝ շուրջ 15 հազար չնչին քվե ստացավ՝ չկարողանալով մայրաքաղաքի կառավարմանը մասնակից դառնալ: Այսինքն՝ ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ ՀՅԴ-ն առանց իշխանությունների աջակցության, հաջորդ գումարման խորհրդարանում չէր կարողանա տեղ ունենալ:
Իսկ եթե ՀՀ իշխանությունները նման բան թույլ տային, ապա այդ հանգամանքն իր հերթին կհանգեցներ ներդաշնակցական զարգացումների, որոնց արդյունքում ՀՅԴ-ում «իշխանափոխությունը» կլիներ անխուսափելի: Ասել կուզի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի նպատակը երկրորդի, կամ ավելի ճիշտ այդ քաղաքական ուժի ներկա վերնախավին փրկելն ու նրանց ազդեցությունն իրենց հայրենի կուսակցությունում պահպանելն է: Եթե ՀՅԴ-ին առաջիկա մեկ տարում չհաջողվի իշխանական լծակներով ավելացնել քաղաքական դաշտում մնալու իր հնարավորությունը, ապա ՀՀԿ ստիպված է լինելու Դաշնակցությանն իր հետ դաշինքով տանել խորհրդարան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: