«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Մալաթիա» տոնավաճառում ցույցի ելած առևտրականները, որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից։ Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ«Մալաթիա» տոնավաճառից, եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց։
Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160 հազարի փոխարեն, քանի որ առևտուր չկա, ու իրենք չեն կարողանում աշխատել։ Բարկացած որոշ աշխատակիցներ առաջարկեցին գնալ «Հրազդան» տոնավաճառ։
«Ժամանակին «Մալաթիան» առաջարկել է արտակարգ պայմաններ, հիմա էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ։ Պայմաններ գոյություն ունեն, եթե էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան»,- մեզ հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար է վարձավճարը»։
Աղաբաբյանի խոսքով՝ առևտրով զբաղվողների բողոքի պատճառն այն է, որ տոնավաճառներում առևտուրը շատ նվազել է, «որովհետև բացվեցին գիգանտներ և սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներից առևտուրը գնալով պակասում է»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է, որ ինքը 50 հազար դրամ վարձավճար է սահմանել, իսկ «Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում է՝ չի կարող իջեցնել վարձավճարները, Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ արդեն իրան հարցրեք, ինձ մի հարցրեք»։ Նշենք, որ անցյալ տարի սնանկացած «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։