Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի փոխնախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ:
Կողմերը կարեւորել են երկուստեք քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունը եւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում` բարձրաստիճան փոխայցերի, երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ տարբեր հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա:

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել արցախյան հիմնահարցին կրոնական երանգ հաղորդելու ադրբեջանական կողմի փորձերը: Էդելգարդ Բուլմանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ` կարեւորելով ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի: Էդելգարդ Բուլմանը նշել է, որ նախօրեին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քննարկումները դրական ազդակ էին Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գերմանացի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ




Լրահոս