Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 ամենաբարձրակարգ երկրների շարքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:

Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենը:

Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմերին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին ԱԻ նախարարության հետ ակտիվ համագործակցության համար` նախարար Ա. Երիցյանը նշել է, որ այս կառույցի հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում իրականացվել են բազում արդյունավետ ծրագրեր:

«2015 թ. սեպտեմբերին մեր քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Երբ 2012-13 թթ. խոսում էինք այդ մասին, դա հեքիաթ էր թվում՝ բարդ պահանջների պատճառով: Սակայն, նաև ՄԱԿ-ի աջակցությամբ մենք հաղթահարեցինք այդ պատնեշը: Եթե մեկս մյուսին նեցուկ չլինենք, խոշոր աղետների դեմ պայքարը շատ դժվար կլինի: Այս համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Հայաստանն, իրոք, ունի հզոր արտակարգ իրավիճակների նախարարություն և մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած պետության»,- հավելել է նախարար Ա. Երիցյանը:

Շնորհավորելով համաձայնագրի կնքման կապակցությամբ` Բ. Բուզետտոն մեծապես կարևորել է այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետայսու պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով:

«Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի և ճանաչման, քանի որ այն այժմ դասվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր և օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաև շնորհիվ նախարար Ա. Երիցյանի առաջնորդության և ձեր բոլորի համատեղ ջանքերի»,- ասել է նա:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով` համաձայնագիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց դրա բացակայության պարագայում Ինդոնեզիայի ցունամիից հետո միջազգային թիմերի մուտքն այդ երկիր մեծ խնդիրներ է առաջացրել:

«Համաձայնագրի ստորագրումը նաև ապացուցում է Հայաստանի լուրջ մոտեցումը, կամքը և պատրաստակամությունը ոչ միայն ներքին, այլև` արտաքին ռիսկերին և աղետներին արձագանքելու»,- նշել է Բ. Բուզետտոն:




Լրահոս