Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել: Նշենք, որ ընկերությունը գրավադրվել է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետեւանքով այն անցել է բանկին: Իսկ ի՞նչ է վաճառում «Յունիֆիշ»-ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք-շինություններով, շարժական գույքով, տրանսպորտային միջոցներով, 650 ջրավազաններով եւ 53 հորատված ջրհորներով:
Այս ամենի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 6 մլրդ դրամ: Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի է հանվել բնակելի տուն՝ հողամասով, որի արժեքն է ավելի քան 406 մլն դրամ:
ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ ձկնաբուծարանի կենդանի ձկները` մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան եւ այլն: Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում: Իսկ ինչպես հայտնի է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին: