ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Մոսկվայում քննարկվեցին ՀՀ կառավարությանը պատկանող “Հայռուսգազարդ”-ի 20% բաժնեմասը ռուսական “Գազպրոմ”-ին փոխանցելու, ինչպես նաեւ ՀՀ-ում ռուսական գազի գնագոյացման, հայաստանյան սպառողին բարձր գնով գազ տրամադրելու հարցերը: Հայաստանի էներգետիկան գրեթե ամբողջությամբ կախված է ներկրվող գազից, որի առաքումը սահմանի վրա իրականացնում է “Գազպրոմ”-ը՝ այն վաճառելով “Հայռուսգազարդ”-ին: 

Հիշեցնենք, որ դեռեւս 2006թ. “Գազպրոմ”-ի եւ ՀՀ կառավարության միջեւ 25 տարի ժամկետով ստորագրվել է համաձայնագիր, որով ռուսական կողմին իրավունք է տրվել մասնակցել ՀՀ տարածքում գազի եւ էներգետիկ ոլորտում ծրագրերի իրականացմանը: Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով բարձրացնել “Գազպրոմ”-ի բաժնեմասը՝ այն հասցնելով ,Հայռուսգազարդե-ի կանոնադրական կապիտալի մինչեւ 80% չափով: Պայմանագիրը ստորագրելուց անցել է ընդամենը 7 տարի, եւ ռուսական կողմը կրկին բանակցությունների սեղանին է դրել գազի հարցը՝ այս անգամ արդեն պահանջելով 100% բաժնեմասը: Բանակցությունները շարունակվում են, իսկ ՀՀ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Արդյոք կհաջողվի վերջինիս դիմակայել Ռուսաստանի էներգետիկ, իսկ իրականում քաղաքական պահանջին, ցույց կտա ժամանակը:

ՀԱՐՑ. Ճի՞շտ եք համարում “Հայռուսգազարդ”-ի կանոնադրական կապիտալի 100-տոկոսանոց բաժնետոմսերի վաճառքը ռուսական “Գազպրոմ”-ին, եւ արդյո՞ք հայկական կողմը կարող էր խուսափել այդ գործարքից: Մտավախություն չկա՞, որ մենաշնորհ ձեռք բերելով՝ “Գազպրոմ”-ը ցանկացած պահի կարող է կրկին բարձրացնել գազի գինը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց այն, ինչ երկար ժամանակ գրված էր “Գազպրոմ”-ի պաշտոնական կայքում: Քանի որ “Հայռուսգազարդ”-ի բաժնետոմսերի 20%-ը որեւէ մեկի անձնականը չէ, այլ ՀՀ սեփականությունն է, ապա ցանկացած այդպիսի գործարքի, բանակցության խորհրդարանը  պիտի տեղյակ լինի: Այսօր ես Արմեն Մովսիսյանին հարցրի, թե ինչի դիմաց է տրվում այդ 20%-ը, վերջինս պատասխանեց` ապահովության: Ես կարծում եմ, որ խորհրդարանը պետք է լսումներ կազմակերպի, եւ կառավարության կողմից մեզ տրվի բացատրություն, թե որն է այդ ապահովության գինը, որպեսզի մենք իմանանք, թե ինչի դիմաց է արդեն 100% փաթեթը հանձնվում “Գազպրոմ”-ին: Սա լուրջ խնդիր է, եւ հայ ժողովուրդը իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում իրականում: Այս գործարքի հետ կապված յուրաքանչյուր մտավախություն անհանգստացնող է, քանի որ միանձնյա սեփականատեր դառնալով՝ “Գազպրոմ”-ն ինքը կորոշի խաղի կանոնները:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 566 համար




Լրահոս