ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Անդրադառնալով հանձնարարականների կատարմանը, զեկուցվեց, որ հունիսի 22-ից Երևան-Սևան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահությունները։ Նաև նշվեց, թե ինչ աշխատանքներ են տարվել ավտովթարներից տուժածներին և ծանր հիվանդներին անհարկի մայրաքաղաք տեղափոխելու դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, արդիականացված հիվանդանոցների ղեկավարներին հանձնարարվել է բժշկական օգնությունը տեղում կազմակերպելու նպատակով անհրաժեշտության դեպքում դիմել նախարարության գլխավոր մասնագետների օգնությանը, եթե չկա բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն, որը կարելի է միայն Երևանում ապահովել։
Ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը մարզերի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ քննարկել է մրցույթների անցկացման արդյունքում ունեցած ֆինանսական տնտեսումներն այդ նույն ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղելու հարցը։ Մասնավորապես, շինարարական մրցույթներից առաջացած խնայողություններով առաջարկվել է վերանորոգել գյուղական ևս 6 ամբուլատորիա և Մեծամորի պոլիկլինիկայի տարածքը։
Նախարար Դումանյանը ՀԲ մասնագետներին նաև առաջարկել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության արդականացման արդյունքում շահագործումից հանված մեքենաները, որոնք քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տրամադրել նախարարությանը, մրցույթներից տնտեսված միջոցներով նորոգել և հատկացնել հեռավոր գյուղերի ամբուլատորիաներին։ Քննարկվել են նաև առողջապահության համակարգի և առաջին հերթին մարզային կառույցների օպտիմալացման, քաղաքային բնակավայրերում ընտանեկան բժշկի համակարգի ընդլայնման և այլ հարցեր։
Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորեց առավել ակտիվորեն ընդգրկվել ոլորտում ընթացող բարեփոխումների ծրագրերում։