Արդեն քանի օր է` քաղաքագետներն ու ռազմական փորձագետները մտահոգված են Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենքի վաճառքով: Պաշտոնական շրջանակները, սակայն, հիմնականում բավարարվում են հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե` մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, մենք ունենք Ադրբեջանին հակազդելու անհրաժեշտ հեռահար զինատեսակները եւ այլն: Իհարկե, սա այն դեպքն է, երբ շատ ենք ուզում անվերապահորեն հավատալ մեր իշխանությունների հավաստիացումներին, սակայն խնդիրն այն է, որ եթե, Աստված մի արասցե, պարզվի, որ այդ հավաստիացումները չէին համապատասխանում իրականությանը, ինչպես ասում են` բանը բանից անցած կլինի: Բայց այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք. այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները, չգիտես ինչու, հերթական անգամ ստանձնել են ռուսական շահերի պաշտպանների դերը: Մասնավորապես ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով դաշնակից ռուսների կողմից թշնամի Ադրբեջանին նման խմբաքանակի զինամթերքի վաճառքին, «Ազատությանն» ասել է. «Մենք չպետք է խուճապի մատնվենք, որ Ադրբեջանը ինչ-որ ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, նրանք ռազմական տեխնիկա են գնում նաեւ այլ երկրներից»: Ահա այսպիսի «դարակազմիկ» հիմնավորում. բա այդ դեպքում էլ ինչի՞ համար է ռազմավարական դաշնակցությունը, բա այդ դեպքում էլ ինչո՞ւ ենք ռուսներին միանգամայն ձրի հանձնել մեր ռազմակայանները, ու դեռ մի բան էլ ինքներս` շարքային հարկատուներս ենք հոգում ռուս զինվորների կոմունալ ծախսերը: «Ռուսաստանն ունի իր ազգային ռազմավարական շահերը, ունի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ այդ հարաբերությունները կառուցում է իր շահերից ելնելով: Այսինքն` ռազմավարական գործընկերությունն այստեղ որեւիցե առնչություն չունի…»,-ասել է Հայաստանի ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվող ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ու եթե ՀՀ ԱԱԽ քարտուղարն է բարձրաձայնում այդ մասին, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի փաստարկներ կարող են բերել ռուս պաշտոնյաները: Սակայն մի կողմ թողնելով ՀՀ իշխանությունների հայտարարությունները, որոնք գուցե եւ պարզապես սեփական անզորությունը թաքցնելու հուսահատ փորձեր են, անդրադառնանք արեւմտյան փորձագետների գնահատականներին, ըստ որոնց՝ գերտերությունները զինում են ղարաբաղյան հակամարտության կողմերին այն նպատակով, որպեսզի ստեղծեն «սառը պատերազմի» վերջնական փուլի նման մի իրավիճակ, երբ կողմերի ռազմական հզորություններն այնքան մեծ կլինեն, իսկ պատերազմի վերսկսման դեպքում հավանական կորուստները` այնքան ծավալուն, որ աշխարհը դա ուղղակի թույլ չի տա` պարտադրելով խաղաղության պայմանագիր: Կա արդյոք ճշմարտության հատիկ ասվածում` դժվար է ասել, սակայն կասկածից դուրս է, որ սա հաստատ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվելիք զենքի վերջին խմբաքանակը չի լինի:
ՌՈՒՍՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ