Այն փաստը, թե Հայաստանի իշխանությունները եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայիս ղեկավարությունն ու մասնավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչ «նվիրումով» են քանդում մայրաքաղաքի պատմամշակութային հին շենքերը, ստիպում է կարծել, որ այս մարդիկ պարզապես ատում են Երեւանը եւ փորձում են ոչնչացնել քաղաքի՝ տեղ-տեղ պահպանված պատմությունը: Հանրությունը չի հասցնում պարզել, թե ինչու քանդվեց պատմամշակութային արժեք հանդիսացող այս կամ այն շենքը, երբ լուր է ստացվում հերթական պատմական շենքը քանդելու գործընթացի մասին: Ավետիք Իսահակյանի անվան գրդարանի նախկին շենքի ճակատը, Երեւանում պահպանված միակ կառույցն է, որը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի, կամ ավելի ճիշտ հուշում է, որ այն ժամանակ քաղաքում շենքեր եղել են: Այս շինությունը գտնվում է Ամիրյան 2 հասցեում: Ի սկզբանե հայտարարվել է, որ շենքի ճակատային մասը կպահպանվի եւ կներառվի այդտեղ կառուցվելիք նոր շենքի մեջ: Այլ կերպ ասած՝ այդտեղ կառուցվելիք շենքը պետք է լինի հնի ու նորի համադրությամբ: Երեք օր առաջ լուրեր տարածվեցին, որ Ամիրյան 2 հասցեում շինարարություն իրականացնողները ձեռնամուխ են եղել շենքի ճակատային մասի քանդմանը: Բարեբախտաբար, լրատվամիջոցների միջամտությունից հետո քանդման գործընթացը դադարեցվել է: Երեկ այս խնդրի հետ կապված Տարոն Մարգարյանը հատուկ խորհրդակցություն է հրավիրել եւ իր ենթակաների վրա հոխորտացել, թե ինչպես կարող էիք նման բան թույլ տալ: Ստացվում է, որ եթե քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները չլինեն, ապա Երեւանի քաղաքապետարանում տեղյակ չեն լինի, թե մայրաքաղաքում ինչ է կատարվում, ով ինչ ուզի, երբ ուզի՝ կքանդի: Իրականում Տարոն Մարգարյանը եւ մնացած պատասխանատուները լավ էլ տեղյակ են եղել: Պարզապես հասարակական աղմուկը նրանց հուշել է, որ նախընտրական այս տարում մի փոքր զգույշ է պետք լինել:
«Ժողովուրդ»-ը նախորդ համարում անդրադարձել էր ԲՀԿ-ի ներքին հակասությունների թեմային՝ հայտնելով, որ կուսակցությունում կա երկու թեւ` Նաիրա Զոհրաբյանի եւ Աբրահամ Մանուկյանի: Մանուկյանի թիմը կողմնակից է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս դառնա, եւ սաբոտաժ է անում, իսկ Զոհրաբյանը դեմ է, քանի որ ԲՀԿ-ին ուղղակի առաջարկ չի էլ արվել: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե հակասություններ չկան, պարզապես ԲՀԿ-ում կան տարբեր կարծիքներ, ինչը նորմալ է: Սակայն երեկ այս հակասություններն արդեն արտահայտվեցին ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Վահան Բաբայանի հրաժարականով: Վերջինս իր քայլի պատճառներն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Զոհրաբյանի պահանջով է իր պարտականությունները վայր դրել, քանի որ մշտապես արտահայտել է անձնական տեսակետ՝ մոռանալով իր կուսակցական կարգավիճակը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց Մանուկյանից եւս մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասաց, թե երկրում չէ, հրաժարականի մասին տեղյակ է, բայց պատճառները չգիտի:
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար պատվիրել է 45 հազար 600 լիտր պրեմիում տեսակի բենզին, ինչի համար պատրաստվում է պետբյուջեից ծախսել 19 մլն 608 հազար դրամ, այսինքն՝ 1 լիտրը 430 դրամով: Դժվարանում ենք ասել, թե ՍԴ-ի աշխատակազմը որքան է չարչարվել նման թանկ գնով պրեմիում բենզին «ճարելու» համար, քանի որ բենզալցակայաններում այն 410 դրամ արժի: Բայց ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՍԴ-ն, որն ընդամենը 9 անդամ ունի, որոնք տանից աշխատանքի են գալիս եւ գնում տուն, այդքան շատ բենզինի կարիք ունի: ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 23 լիտր: Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական 220 կիլոմետր ճանապարհ են կտրում՝ դատարան հասնելու համար: Թեեւ մյուս կողմից չի բացառվում, որ ՍԴ աշխատակազմի կեսը ծառայողական ավտոմեքենա ունի: Բայց, ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է ՍԴ աշխատակազմի մեծ մասը աշխատանքի գնում պետբյուջեի միջոցներով: Ինչո՞ւ:
Պաշտոնական վիճակագրության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 մլն 300 հազար դոլար: Սա ուշագրավ թիվ է, քանի որ մինչ այս, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, 2015-ի տարեվերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել էր 3 մլրդ 841 մլն դոլար: Ստացվում է, որ ֆիննախը թաքցրել էր իրականությունը, որպեսզի միաժամանակ գաղտնի պահեր այն փաստը, որ 2015-ին արտաքին պարտքն աճել է ավելի քան 532 մլն դոլարով: Ի դեպ, ըստ ֆիննախի՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը այս տարվա հունվարի 31-ի դրությամբ կազմում է շուրջ 5 միլիարդ 100 մլն դոլար: Սակայն վերը բերված թվերը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ՀՀ պետական պարտքի իրական ծավալներն ավելի մեծ են, քան մինչ այս ներկայացրել է ֆիննախը: ՀՀ պետական պարտքը ոչ թե 2016-ի հունվարին է 5 մլրդ դոլարի շեմը հատել, այլ վաղուց, իսկ պաշտոնական աղբյուրներն այդ փաստը փորձել են համառորեն թաքցնել:
ԱՆՆՇԱՁՈՂ
Լրագրողական 10 կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ՀՀԿ ղեկավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել լրագրողներին վիրավորած Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանին եւ հորդորել ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Սեդրակյանը, անցնելով միջանցքում հավաքված լրագրողների կողքով, վերջիններիս վկայությամբ` ասել է՝ էս ինչ նախիրա, ապա ասվածի վերաբերյալ բացատրություն տալու լրագրողներից մեկի պահանջին արձագանքելով` նախ հերքել է, որ ինքը նման բան է ասել, ապա անցել սեռական բնույթի հայհոյանքների: Հայտարարության հեղինակները նաեւ ԱԺ նախագահից եւ ՀՀԿ խմբակցությունից պահանջում են հրապարակավ դատապարտել Սեդրակյանի վարքը՝ հակառակ դեպքում խոստանալով դիմել միջազգային հանրությանը` անհատական պատժամիջոցների կիրառման կոչով:
Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Սեդրակյանը աչքի է ընկնում նման անթույլատրելի պահվածքով: Դեռեւս 2012 թ դեկտեմբերին նա սպառնացել էր պոկել լրագրողներից մեկի ծնոտը, ինչի կապակցությամբ Աժ էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ նա խախտել է պատգամավորական էթիկան, իսկ ինքը` Սեդրակյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, որը նրա կուսակցական գործընկերները ներկայացրին որպես հրապարակային ներողություն, թեեւ պատգամավորի տարածած տեքստում ներողություն հայցելու վերաբերյալ ոչինչ ասված չէր:
Ինչեւէ. հաջորդող տարիներին թե՛ Մ. Սեդրակյանի, թե՛ Աժ 1-2 այլ պատգամավորների վարքագծում ժամանակ առ ժամանակ եղել են նման անվայելուչ դրսեւորումներ, սակայն ուշագրավ է, որ դրանից կարճ ժամանակ անց նրանք շատ ջերմ շփումներ են ունեցել այն նույն լրագրողների հետ, որոնց հրապարակավ վիրավորել են:
Միանշանակ դատապարտելով պատգամավորի, քաղաքական կամ հանրային որեւէ գործչի նման պահվածքը՝ պետք է նկատենք, այստեղ նաեւ լրագրողական հանրությունն ունի իր մեղքի բաժինը: Ընդ որում, այս հարցում կա երկու տեսակետ. ոմանք պնդում են, որ նմանօրինակ գործիչներին լրագրողները պետք է առհասարակ բոյկոտեն, մոռացության մատնեն, քանի որ նրանք պարզապես արժանի չեն լրագրողների եւ հանրության ուշադրությանը: Իհարկե, սա էլ է հարցի լուծում, քանի որ այդպիսով հանրությունն անընդհատ սթրեսի չի ենթարկվի՝ տեսնելով, թե ինչ մակարդակի «ընտրյալներ» ունի, բայց մյուս կողմից էլ արդյոք դրանից, օրինակ, Մ. Սեդրակյանը դադարելու է Աժ պատգամավոր լինելուց, եւ արդյոք լրագրողները պարտավոր չեն ամբողջությամբ հանրությանն իրազեկելու եւ ցույց տալու մեր «ազգընտիրների» իրական պատկերը:
Դժվար է միանշանակ ասել, թե մեր դեպքում որն է ճիշտ տարբերակը: Մի բան, սակայն, հանուն արդարության, պետք է նշել՝ որքան որ վերջին տարիներին իջեցվել է ՀՀ ԱԺ պատգամավորների կրթական եւ բարոյական նշաձողը, նույնքան էլ, ցավոք, աղճատվել է որոշ լրագրողների մասնագիտական վարքականոնը: