ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ՍՊԱՌՈՂՆ` ԱՂՔԱՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա վերաբերյալ հրապարակված առաջին վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում այս տարվա հունվարին եւս սպառողների գնողունակությունը շարունակել է անկում ապրել:

Այսպես՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվարին Հայաստանում իրականացված առեւտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 117 մլրդ 958 մլն 400 հազար դրամ: Այս ցուցանիշը անցած 2015 թվականից պակաս է ավելի քան երկուսուկես միլիարդ դրամով, կամ նույնն է, թե մոտ 3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նույն՝ 2015-ի հունվարին, նախորդ՝ 2014-ի համեմատ, առեւտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել էր շուրջ չորսուկես միլիարդ դրամով: Այսինքն՝ առեւտրաշրջանառության անկման, կամ նույնն է, թե սպառողների հետզհետե աղքատացման գործընթացը, որին ականատես եղանք անցած ողջ տարվա ընթացքում, այս տարի եւս շարունակվում է:
Իսկ այն փաստը, որ առեւտրաշրջանառության ծավալները նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ են ընդունում, ուղղակի գուժում է Հայաստանի տնտեսության դեպի անդունդը գլորվելու գործընթացի` այս պահին դեռեւս շարունակվելու մասին: Ավելին՝ կարող ենք ի սկզբանե կասկած չունենալ, որ սպառողների երկուսուկես միլիարդ դրամով աղքատացման փաստն առավել շատ արտահայտվում է հենց փոքր խանութների մոտ: Այսինքն՝ սպառողների աղքատացման այս գործընթացն իրականում կրկնակի բացասական ազդեցություն է ունենում:
Փոքր խանութների ողբերգական վիճակը գիտակցելու համար մի փաստ բերենք: Մինչեւ այս տարի պաշտոնական վիճակագրության մեջ ՀՀ ԱՎԾ-ն մանրածախ առեւտրով զբաղվող, այսպես կոչված՝ «գերփոքր» խանութների շարքին էր դասում մինչեւ 5 աշխատող ունեցող առեւտրի կետերը: Սակայն այս տարվա սկզբից այս դասակարգումը փոխվել է: Ըստ ԱՎԾ-ի՝ «գերփոքր» խանութներն այն առեւտրի կետերն են, որոնք ունեն մինչեւ 9 աշխատողներ: Արդյունքում, «գերփոքր» տողով ներկայացվող շրջանառության ծավալներն արհեստական ավելացել են, որովհետեւ վիճակագրական այդ տողի վերջնաարդյունքում ներառվող խանութների թիվը, վերը բերված փոփոխության արդյունքում, ավելացել է մոտ 2 հազարով: Այսպիսով՝ պաշտոնական վիճակագիրները ոչ միայն «գերփոքրներ» շրջանառության կեղծ աճ են ապահովել, այլ նաեւ թաքցրել են այն իրողությունը, թե փոքր խանութներն իրականում ինչ ողբերգական վիճակում են հայտնվել:
Ինչեւէ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվարին, չնայած սպառողների շարունակական աղքատացմանը, տնտեսության ակտիվության գործակիցն, անցած տարվա հունվարի համեմատ, աճել է 5,5 տոկոսով, արդյունաբերությունն ընդհանրապես երկնիշ աճ է ունեցել՝ 15,7 տոկոսով, եւ այսպես շարունակ: Նույնիսկ արտահանման ծավալների` 5,6 տոկոսի աճ է ներկայացվում: Այս հանգամանքը թերեւս պայմանավորված է այն փաստով, որ անցած տարվա հունվարին արտահանման ծավալներն այնքան էին նվազել, որ դրանից ներքեւ կնշանակեր՝ այդ ցուցանիշը պետք է դառնար զրոյական:
Պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն, ուշագրավ մի տվյալ կա, որը վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձերի թվերին: Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունվարին կազմել է մոտ 180 հազար դրամ, որն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 3,5 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կտրուկ նվազել է անցած տարվա դեկտեմբերի համեմատ: Այսպես՝ ընդհանուր անկումը, որն իր մեջ ներառում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական աշխատողների միջին անվանական աշխատավարձերի նվազումը, կազմել է մոտ 20 տոկոս: Իսկ առանձին-առանձին ոչ պետական աշխատավարձի անկումը այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, կազմել է 18 տոկոս, իսկ պետական աշխատողների դեպքում այդ թիվը եղել է 21 տոկոս: Մի կողմ թողնենք ոչ պետական աշխատողների աշխատավարձի խնդիրը, առավել ուշագրավ է, որ պետական աշխատողների դեպքում է մեկ ամսվա կտրվածքով նման կտրուկ տատանում ներկայացվում: Անհասկանալի է մնում, թե ինչի հաշվին են պաշտոնական վիճակագիրները նախ դեկտեմբերի աշխատավարձերը այդքան կտրուկ բարձր ներկայացրել, իսկ այնուհետեւ հունվարին իջեցրել: Եթե դեկտեմբերի պետական աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձի մեջ ներառել են նաեւ պրեմիաները, ապա այդ դեպքում դեկտեմբերի աշխատավարձը պետք է կրկնակի աճած լիներ, իսկ հունվարին էլ այն հիսուն տոկոսվ նվազեր: Բանն այն է, որ պետական բազմաթիվ գերատեսչություններում ընդունված է տարեվերջին, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» վճարել: Սակայն այս դեպքում դրա մասին չի խոսքը: Առավել եւս, որ պրեմիան չէր կարող դիտարկվել իբրեւ միջին ամսական անվանական աշխատավարձի մաս: Ուստի մնում է ենթադրել, որ պաշտոնական վիճակագիրները անցած տարվա դեկտեմբերի տվյալները ներկայացնելիս պարզապես օդից վերցված թիվ են նկարել, որպեսզի ընդհանուր վիճակագրության աճ «նկարեն», իսկ այժմ էլ վերադառնում են հին մակարդակին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

«ՇՈՒՌԱ՛, ՄԻԱՅՆ ՀԱՎԱՍԱՐԱԲԱՐ»
ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում երեք նախարարական եւ երկու մարզպետի պաշտոններից բացի՝ Դաշնակցությանը կտրվեն նաեւ վեց փոխնախարարական եւ գրեթե նույնքան մարզպետի տեղակալի պաշտոններ: Ուշագրավն այն է, որ փոխնախարարի եւ փոխմարզպետի պաշտոնները տրվելու են ՀՀԿ-ական ղեկավար ունեցող գերատեսչություններում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականներին տրվելիք նախարարությունների փոխնախարարներն անպայման լինելու են հանրապետականներ: Այս մոտեցումը նախատեսված է կոալիցիայի կազմման շուրջ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով: Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու նախարարությունների բաժանելու մասին օրենքն արդեն ուժի մեջ է մտել, ուստի կոալիցիայի կայացմանն այլեւս ոչինչ չի խանգարում:

 

 

ՄԱՐԴ Է, ԿԱՐԾԻՔ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանի՝ դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը նախօրեին հրապարակվել է 2rd.am կայքում: Ինչպես հայտնի է՝ նշված կայքը Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջն է, որի միջոցով նա հրապարակում է այս կամ այն խնդրի վերաբերյալ իր տեսակետը: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչ է իր համար Ռուսաստանը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանն իր համար ավելին է, քան հարեւան, քան երկիր, ում հետ Հայաստանը զարգացած հարաբերություններ ունի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նա ինչ կարծիքի է Ռոբերտ Քոչարյանի արտահայտած տեսակետների մասին: «Սովորական իր շարքային հարցազրույցն էր, որ պարբերաբար տալիս է երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- ասաց Բաղդասարյանը:

 

 

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց ցանկացել են ակցիա անցկացնել` ի աջակցություն կալանավորված Գեւորգ Սաֆարյանի: Սակայն ճակատի անդամներին ՔԿՀ-ի անձնակազմից թույլ չեն տվել ակցիան անել` կոչ անելով հեռանալ ՔԿՀ-ի մոտից: Ակցիայի մասնակիցները, սակայն, չեն հեռացել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԻՆԳ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ժողովրդավարության ազգային պլատֆորմը ներկայացրել է իր հինգ հիմնական պահանջները ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Ըստ պլատֆորմի՝ ընտրացուցակները պետք է մաքրվեն: Անհրաժեշտ է, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները հրապարակվեն, քվեարկության օրը տեղամասային կենտրոնները եւ դրանց հարող տարածքները տեսանկարահանվեն, եւ լինի ինտերնետային հեռարձակում հատուկ կայքի միջոցով: Բացի այդ` անհրաժեշտ է բազմակի քվեարկության կանխման նպատակով մատնահետքերով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրում, հանրային սեկտորի ներգրավվածության ընդլայնում, մասնավորապես՝ քաղաքացիական խմբերի համար ընտրությունների քարոզչական շրջանում եթերաժամանակից օգտվելու հնարավորության սահմանափակումների վերացում, դիտորդների լիազորությունների շրջանակի ընդլայնում։ Հիշեցնենք, որ Ժողովրդավարության ազգային պլատֆորմը ձեւավորել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը:

 

 

ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ
Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների միջեւ անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Այ մարդ, Մհերը կուլտուրական մարդ ա, մեկ-մեկ կարող ա փստցնի էլ, ոչինչ: Բայց քֆուր տվե՞: Ո՞վ լսե, ախր: Ես չեմ լսել»: Հարցին, թե չե՞ք միանա լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը դատապարտող ակցիային, Սարոյանը պատասխանել է. «Ո՞ւմը դատապարտեք, Մհերի՞ն: Բիձա մարդ ա ընգել ձեռներդ, կերե՛ք: Մեծ մարդ ա, ամբաղ-զամբախ խոսացել ա, ոչինչ»: Իսկ, ահա, Մհեր Սեդրակյանին այդքան էլ դուր չի եկել իր գործընկերոջ նման աջակցությունը, ինչի կապակցությամբ նա արձագանքել է. «Սեյրան Սարոյանը ռայոնի տղա է: Երեւի բառապաշարն էդքան է, ոչինչ: Մարդ ա, հիմա. ցանկացել ա պաշտպանել՝ առանց մտածելու, որ ես պաշտպանության կարիք չունեմ, որովհետեւ ես լրագրողներին որեւէ վատ բան չեմ ասել: Եթե ասած լինեի, գոնե դա ձայնագրված կլիներ»:

 

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն արյան ճնշման տատանումով փետրվարի 17-ի ուշ գիշերը հոսպիտալացվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց:

 

 

ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը որպես ընդդիմադիր ուժ լուրջ չի վերաբերվում: Ավելին՝ «Հայկական վերածնունդին» 10-ից ավել կուսակցությունների եւ 150-ից ավել ՀԿ-ների միանալու փաստը Լ. Զուրաբյանին հիշեցրել է սեքսի մասին մի անեկդոտ, որը նա պատմել է լրագրողներին:




Լրահոս