Փետրվարի 21-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած այս քաղաքական ուժի նորամուտը, սակայն, այդքան էլ դրականորեն չընունվեց ինչպես հանրության մի հատվածի, այնպես էլ քաղաքական դաշտի կողմից:
Նշենք, որ նոր հիմնված քաղաքական ուժի կազմի մեջ են մտել 12 կուսակցություն, 138 հասարակական կազմակերպություն, որոնք այսուհետ իրենց գործունեությունը կշարունակեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունում:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ զրուցել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, օրեր առաջ ՕԵԿ-ը լուծարվեց, այսուհետ հանդես է գալու որպես «Հայկական վերածնունդ»: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, եւ կուսակցության նոր անունն ի՞նչ կարող է տալ:
-Անունը պայմանավորված էր որոշումով, քանի որ 150-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություններ, առանձին միավորումներ, հազարավոր մտավորականներ, գիտնականներ, անհատներ, երբ վերակազմակերպվեցին միաձուլման միջոցով, բոլորն ունեին իրենց անվանումները, եւ հարց առաջացավ նոր անուն ընտրելու: Սա էր պատճառը: Մեր ընտրած անունը բավականին տարածված անուն է տարբեր երկրներում: Մենք պատկերացնում ենք, որ վերածննդի անհրաժեշտություն ունենք, ուստի հայկական վերածնունդ անվանակոչեցինք: Դա լավ բառ է: Ինչ վերաբերում է հաջողություններին, դա կտա մեր հետեւողական աշխատանքը եւ հավատը: Եթե մեր երկրում 150 հոգի էլ միավորվեն, դա արդեն առաջընթաց է, դա արդեն հավատ է: Սա մեր այն հիմնական նպատակներից մեկն է, որ մենք դրեցինք այս գործընթացի սկզբում: Սա շատ լավ բան է, սա դրվատանքի է արժանի:
-Այնուամենայնիվ, առնվազն քաղաքական դաշտում դրվատանքի դրսեւորումներ առայժմ չկան, ավելին` կա թերահավատ մոտեցում անվանափոխված ՕԵԿ-ի հետագա գործունեության հետ կապված: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ «Հայկական վերածնունդ»-ի նկատմամբ նման վերաբերմունք է ձեւավորվել:
-Ով ինչ ուզում է, ասում է, ով թուղթ ու գրիչ է վերցնում ձեռքը, ասում է` սա մեկնաբանեմ, հո՞ ամեն մեկին չես անդրադառնա. պետք չի: Այդ բոլորին լավ գիտենք: Ժողովուրդը լավ գիտի՝ այսօր ով ինչով է զբաղված: Երկիրը փոքր է, բոլորը մեկ մեկի լավ ճանաչում է: Մինչդեռ այսօր մեր մասին խոսում, գնահատական է տալիս մարդ, ում հավատացող եւ վստահող հինգ հոգի չկա:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Մարգարյան, ժամանակին շատ ՕԵԿ-ականներ հպարտորեն ասում էին, որ ՕԵԿ-ը դաջված է իրենց ճակատին, սրտերում եւ այլն: Արդյո՞ք այսօր դժվար չէ հրաժարվել Ձեզ համար երբեմնի թանկ այդ անունից` այն փոխարինելով «Հայկական վերածնունդ»-ով, որն էլ, ինչպես պարզվեց, մինչ այս արդեն իսկ կիրառվել է այլ կազմակերպության կողմից:
-Դժվար է, դա հեշտ բան չէ: Բայց եթե ընտրել ես ճանապարհ, որ քո ազգի եւ ժողովրդի պահանջն է եղել, ասել է՝ գիտեք ինչ, մի կողմ դրեք ամեն ինչ, միք նայեք՝ ում հետ եք համագործակցելու` շարքային քաղաքացու, կուսակցության, ՀԿ-ի, միավորման, եւ գնացեք համախմբման… Մեր բոլոր հանդիպումներին որ գյուղը մտել եմ, դա է պահանջել, իմաստուն հայ ժողովուրդն է պահանջել մեզանից, պահանջել են մեծամեծ մարդիկ: Հիմա մենք գնացել ենք համախմբման ճանապարհով, եւ մարդիկ եկել, ասել են, որ ճիշտ չի ձեր անունը պահելը: Բոլորը մտածում, ասում են՝ իմ անունը ավելի լավն է, իմ ծրագիրն ավելի լավն է, մենք էլ ասել ենք՝ բերեք, համադրենք: Բայց ոչ միայն մեզ համար է դժվար, եկեք, ընդունեք, որ իրենց համար էլ է դժվար:
-Ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը, ով մինչ այս բարձրաձայնել էր Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իր մտադրության մասին, ներկա չէր փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարին: Ինչո՞ւ, նա հրավիրված չէր՞: Արա Աբրահամյանը Ձեզ հետ չի համագործակցո՞ւմ:
-Արա Աբրահամյանը որեւէ կապ չունի «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ: Համագումարին ներկա են եղել մեր պատվիրակները: Աբրահամյանն ուղղակի որպես կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի լավ ընկերն է, լավ բարեկամն է: Բայց եթե քաղաքական դաշտում Արա Աբրահամյանը սկսի գործել, եթե կլինի այդպիսի պահ, իմ պատկերացումներով, մենք չենք լինի հակադրության դաշտում: Իսկ կլինի Աբրահամյանը քաղաքական դաշտում, թե ոչ եւ եթե լինի, ինչ ծրագրերով, դա ինքը գիտի, ես չգիտեմ:
ՆՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Այսօր՝ ժամը 16:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները պատրաստվում են գնալ դատարան` պահաջելու արդար վճիռ կայացնել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանի հետ:
-Պարո՛ն Մակեյան, շուրջ երկու ամիս է` ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանն անազատության մեջ է գտնվում: Օրեր առաջ նույն «ճակատագրին» արժանացավ նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Այս ձերբակալություններից ի՞նչ հետեւություններ կարող ենք անել:
-Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ վարչախումբը, կարծես թե, իր նոր դեմքն է բացում՝ Վարդգես Գասպարիին կալանավորելով: Այստեղ որեւէ հիմք չեմ տեսնում: Ոչ էլ հիմք կար Գեւորգ Սաֆարյանին ձերբակալելու համար: Փաստորեն ոստիկանը խփել էր, բայց ոստիկանին պատժելու փոխարեն Գեւորգին ձերբակալեցին: Նույնն էլ Վարդգես Գասպարիի պարագայում է: Իմ տպավորությամբ այն է, որ ինչ-որ գործընթաց է գնում` նոր էսկալացիա քաղբանտարկյալների ավելացման ուղղությամբ: Բայց եթե այստեղ հոգեբանական ինչ-որ խնդիր են փորձում լուծել կամ վախի մթնոլորտ ձեւավորել, ապա նշեմ, որ դա այլեւս հնարավոր չէ, որովհետեւ մեր ժողովուրդը մարտի 1 տեսած ժողովուրդ է, այլեւս վախի խնդիրը հաղթահարված է:
-Փետրվարի 22-ին ճակատի անդամները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ «Մեկ օր Գեւորգ Սաֆարյանի հետ» բողոքի ակցիա իրականացրին: Արդյո՞ք նմանատիպ բողոքի ակցիաները որեւէ արդյունք կարող են տալ:
-Գիտեք, բնականաբար, բոլոր քաղաքական ակցիաներն իրենց արդյունքը տալու են: Արդյունքը ակնհայտ միանգամից չի երեւալու: Թե ինչ արդյունք կտա, դա ժամանակը ցույց կտա, բայց որ իրենք լարված են, իրենք լարվում են, դա հստակ է: Կարծում եմ՝ արդյունքը շատ սպասել չի տա:
-Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Ինչպիսի՞ վճիռ եք ակնկալում:
-Կարծում եմ, որ սրանով իրենք այս գործընթացն են արագացնում, որովհետեւ միջազգային կազմակերպություններն արձագանքել են:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԱՌԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐ
ՀՀ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունն անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 4820 դրամ դրամական միջոց: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հրապարակած հաշվետվությունից: Անցած տարվա ընթացքում ՍԴՀԿ-ի եկամուտները գոյացել են անդամակցության վճարների հաշվին, որոնք ընդհանուր կազմել են ընդամենը 510 հազար դրամ: Այդ գումարից 450 հազար դրամը ծախսվել է գույքի վարձակալության դիմաց վճարում կատարելու նպատակով, իսկ 54 հազար դրամի չափով էլ կոմունալ վճարներ են մուծվել: Այս տարվա սկզբի դրությամբ ՍԴՀԿ-ի հաշվի մնացորդը կազմել է 1 հազար 220 դրամ:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն մինչեւ 2012 թվականը համարվում էր ընդդիմադիր կուսակցություն: Սակայն հետագայում կուսակցությունը մասնատվեց, եւ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ստիպված էր նոր կուսակցություն հիմնել՝ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն» անվանումով: Իսկ 2013-ից ՍԴՀԿ-ի ատենապետը դարձավ այդ կուսակցության երիտթեւի նախկին ղեկավար Նարեկ Գալստյանը: Կրկին իշխանամետ դարձած ՍԴՀԿ-ին քաղաքական դաշտում ընդունված էր համարել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորության տակ գտնվող կուսակցություն: Բայց ինչպես հայտնի է՝ նա 2014-ի ապրիլի 3-ին հրաժարական ներկայացրեց, այնուհետեւ նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, եւ ՍԴՀԿ-ն մնաց առանց հովանավոր:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉԵՆ ԳՏԵԼ
2014 թվականի նոյեմբերի 18-ին ուշ երեկոյան Երեւանի Ավան թաղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձինք կոտրել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ավտոմեքենայի ապակին եւ ինչ-որ փաստաթղթեր գողացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով դեպքին, ասաց, որ հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել: Ըստ պատգամավորի՝ մեքենայից անհետացած փաստաթղթերն իր համար տեխնիկական խոչընդոտ են ստեղծել, սակայն այդ փաստաթղթերի բնօրինակների մի մասը պատգամավորն ունեցել է, եւ խնդիրները հնարավոր է եղել կարգավորել: Ի դեպ, Էնֆիաջյանը այդպես էլ չի մանրամասնում, թե ինչ փաստաթղթեր են եղել:
ԴԱՀԿ-ՎԵՐՆԻՍԱԺ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հայ գեղանկարիչների գործեր: Այս անգամ ԴԱՀԿ-ի տրամադրության տակ է հայտնվել հայ գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի գործերից մեկը: Աճուրդի հանված արվեստի գործը կոչվում է՝ «Կնոջ դիմանկար՝ ծաղիկներով»: Ի դեպ, այն առանց շրջանակի է: Նկարը թվագրված է 2002 թվականով: Կտավի նախնական արժեքը 219 հազար դրամ է: