Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանն այցելել է «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի հարազատներին, սակայն չի ցանկանում հանցագործության վարկածների վերաբերյալ անհրաժեշտ մեկնաբանություններ տալ:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մոսկվայում սպանվել էր «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը: Դեպքը տեղի էր ունեցել Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ. մեքենայից իջնելիս նրան դանակահարել էր դիմակավորված անձը:
Ինչո՞ւ են հայ գործարարները հաճախ սպանվում ՌԴ-ում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ:
-Պարո՛ն դեսպան, օրերս Ռուսաստանում սպանվեց «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը: Ու սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ-ում գործարար է սպանվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
-ՌԴ-ում կատարված հանցագործության վարկածների վերաբերյալ անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս քննություն է ընթանում:
-Հանդիպե՞լ եք գործարարի հարազատներին, զրուցե՞լ եք նրանց հետ, հետաքրքրվե՞լ եք Հ. Մուրադյանի հնարավոր թշնամիների մասին:
-Այո՛, հանդիպել եմ: Նույն օրը՝ երեկոյան, երբ իմացանք այս ամենի մասին, հանդիպեցինք հարազատների հետ: Սակայն անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս քննություն է ընթանում:
-Դուք հայ գործարարների գործունեությունը ՌԴ-ում պաշտպանված համարո՞ւմ եք:
-Դեսպանատան համար տարբերություն չկա՝ գործարար է, թե սովորական հայ մարդ. նա Հայաստանի քաղաքացի է: Հայ հայտնի գործարարների մեծ մասը, պետք է նշեմ, որ ՌԴ քաղաքացիներ են: Ուստի ի՞նչ եք կարծում, մենք ինչպե՞ս կարող ենք ասել՝ ՌԴ քաղաքացին պաշտպանված է, թե չէ: Հասկանում եմ, որ մեր քաղաքացիներին պետք է պաշտպանենք, սակայն այս դեպքում գնահատական տալը ճիշտ չեմ համարում:
-Օրերս շուրջ 200 հայ, այդ թվում եւ հղի կանայք ու երեխաներ, «գերի» են ընկել Աբխազիայում: Մարդիկ մեկնել են Սոչի՝ աշխատելու նպատակով: Սակայն ինչ-ինչ պատճառներով այնտեղ աշխատանքի հարցը չի լուծվել, երեք ամիս Սոչիում մնալուց հետո մարդիկ գնացել են Աբխազիա՝ միգրացիոն քարտի ժամկետը երկարացնելու համար: Ու արդեն 5 ամիս է՝ Ռուսաստանը չի թողնում, որ մարդիկ ո՛չ ՌԴ գնան, ո՛չ Հայաստան: Տեղյա՞կ եք խնդրին եւ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ իրավիճակը շտկելու համար:
-ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը եւ ք. Սոչիում ՀՀ հյուպատոսական ներկայացուցչությունը նշյալ խնդրով զբաղվում են սիստեմատիկաբար: ?յս երեւույթն ավելի հաճախակի է դարձել ՌԴ իշխանությունների կողմից վերջին շրջանում միգրացիոն օրենսդրության պահանջների կատարման առավել հստակեցմամբ: Նախնական տվյալներով՝ ներկայումս այնտեղ գտնվում է շուրջ 200 ՀՀ քաղաքացի: Պաշտոնապես տեղեկություն է ստացվել միայն 53 քաղաքացու վերաբերյալ, եւ հարցի առնչությամբ իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնավորապես, հանդիպել եմ ՌԴ ԱԳ փոխնախարար Գ. Կարասինի, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կ. Ռոմոդանովսկու հետ, փոխանակվել են պաշտոնական հայտագրեր ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ ՌԴ ԱԳՆ-ի միջեւ: Միաժամանակ ՌԴ-ում ՀՀ դիվանագետները Սոչիում հանդիպումներ են ունեցել ՌԴ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ վերոհիշյալ հարցի կարգավորման նպատակով: Այս փուլում կողմերի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն` թույլատրել վերոնշյալ 53 ՀՀ քաղաքացիներին հատել ռուսական սահմանը` պայման ունենալով հասնել մինչեւ ք. Սոչիի օդանավակայան՝ այնուհետեւ Հայաստան մեկնելու նպատակով: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտագրով երաշխավորել է ապահովել նշյալ քաղաքացիների տեղափոխումը վերը նշված ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում հյուպատոսական բնույթի հարցերը կարգավորելով տեղում: Այս գործընթացն արդեն իսկ սկսված է:
Ներկայումս Ռուսաստանում բնակվող ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում են նաեւ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ունեն խնդիրներ ՌԴ կեցության կանոններին հետեւելու հարցում, այսինքն` այն առանց օրինական ճանապարհով երկարացնելու, նրանք շատ դեպքերում շարունակում են մնալ երկրում օրենքով սահմանված ժամկետից ավելի: Բնական է, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքացիներին սահմանի հատումից հետո ՌԴ վերադարձի իրավունքի թույլտվություն չի տրվի: ՌԴ-ում գործող նոր կարգի համաձայն՝ կեցության կանոնների կրկնակի խախտողներին արգելվում է երկիր մուտքը երկու տարի ժամկետով: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքներ տանել ք. Մոսկվայում եւ ՌԴ տարածաշրջաններում համայնքային կառույցների միջոցով` վերոնշյալ բարդությունների մասին երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրազեկելու նպատակով:
ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ