ԱՅԴՔԱՆ ԹՈՒՅԼ ՄԱՐԴ ՉԵՄ, ՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է, ԱՄՈԹ ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի դիմաց մի խումբ լրագրողներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, թե ամենեւին նպատակ չունի արդարանալ:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների՝ փետրվարի 19-ին Ազգային ժողովում Մհեր Սեդրակյանը, տեսնելով լրագրողների խումբը, ասել էր՝ Էս ի՞նչ նախիր ա: Լրագրողներից մեկը ավելի ուշ որոշել էր պատգամավորից իր արտահայտության համար պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ է նա լրագրողներին «նախիր» անվանել, ինչու է զայրացել ու հայհոյել լրագրողին` աշխատասենյակ մտնելիս:
Նշենք, որ բողոք ակցիայից հետո լրագրողները էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով դիմում հանձնեցին Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով, որով պահանջում են քննել Սեդրակյանի վարքը եւ համապատասխան քայլեր իրականացնել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ` հասկանալու համար, թե ինչո՞ւ է նա լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել:
-Պարո՛ն Սեդրակյան, ինչո՞ւ եք Ազգային ժողովում լրագրողներին վիրավորել. հրապարակումներ եղան, որ նրանց «նախիր» եք ասել:
-Նախիր ասվածը մի պատմություն է եղել ինձ հետ կապված: Մի քանի տարի առաջ պարարվեստի ուսումնարանը պետական քննություններ էր հանձնում, մեզ մոտիկ երեխա կար, մենք գնացել էինք օպերա: Դուրս գալուց շատ էինք, ես, մի 10-12 հոգի հետս, ու մեկը խմած գոռաց՝ պահ-պահ, էս ում նախիրն է: Բնական է՝ վիրավորվեցինք, այդ ժամանակ միլիցիան կանգնած էր, ու այդ մարդը մոտեցավ միլիցիային: Ես նստեցի մեքենան, եկա, կանգնեցի իրենց մոտ, մեքենայի պատուհանը իջեցրեցի ու ասացի, որ հարգելով մեր ոստիկաններին՝ ես ոչ մի բան քեզ չեմ ասում, բայց եթե իրենք այստեղ չլինեին, ապա կբացատրեի՝ նախիրը որն է, դու ով ես: Դրանից հետո, երբ տեսա ամբոխը, իմ ընկերներին պատմեցի այդ դեպքը, որ օպերայից դուրս գալուց մեկը քեֆը լավ գոռաց. «էս ում նախիրն է, էս ում նախիրն է»: Այս ընկերը երեւի լսել է ինչ-որ մի բան, հետեւներիցս եկել է, այսպես ասած՝ գյոզ է դրել ու նախիր բառը այդտեղից վերցրել է: Դա չի վերաբերվել ոչ մի լրագրողի: Մի պահ չհիշեցի, թե ինչ նախիրի մասին է խոսքը, հետո հիշեցի, որ պատմություն էի պատմում, ես պատմում էի իմ ընկերներին: Ու այդ պատմությունս դարձրեցին, այսպես ասած, կաշա, վերագրեցին իրենց: Ախր, ես ունեմ լավ լրագրող ընկերներ, ես չեմ կարող ընդհանուր ասել: Որ տեսա աժիոտաժը, ընդամենը այդ դեպքը պատմեցի իմ ընկերներին: Երեւի իրենց պետք էր, որ իրենց վրա վերագրեին, մի քիչ էլ երեւի պատվեր կար:
-Ո՞վ է պատվիրել Ձեր դեմ ինչ-որ բան սարքել:
-Հասկանում եմ, թե որտեղից կարող է լինել: Ամեն դեպքում, մեր մտերիմներից են, տենց մի բան էլ չեն:
-Կոնկրետ ո՞վ:
-Մեր մտերիմն էր, ասենք, մարդ, որոնց հետ մենք շփվում ենք: Համոզված եմ, որ այդտեղից է գալիս, քանի որ այնպիսի բան չէր եղել, այդ ինչ հարց էր: Տղային, որին ուզում էի ներս հրավիրել, իմ երեխեքից տարիքով փոքր է, բացատրում էի, որ ինքը գա ներս: Ու ինքը չեկավ, ես ասեցի՝ քո տղամարդ ասողի հերն եմ անիծել ու մտա ներս: Ասեք բոլորի ներկայությամբ, տղա ջա՛ն, ինչ կա դրա մեջ, ուրիշ ժամանակ ուզում եք՝ գաք, խոսանք, բա հիմա ասում եմ՝ արի ներս, խոսենք ու տենց չեկավ:
-Ձայնագրության մեջ այլ հայհոյանք է լսվում, պարո՛ն Սեդրակյան:
-Ոչ մի նման բան չի եղել, դե թող դնեն ձայնագրությունները, հեռարձակեն:
-Սա առաջին դեպքը չէ, որ Դուք լրագրողների հետ բախվում եք: Ինչո՞ւ:
-Գիտեք՝ ջղայնանալը, նյարդայնանալը այսպես է, եթե գալիս, հարց են տալիս, օրինակ՝ լրագրողը գալիս, հարց է տալիս՝ պարո՛ն Սեդրակյան, ինչո՞ւ են Ձեր ընտանիքը կապում կրիմինալ աշխարհի հետ, Դուք՝ որպես լրագրող, ո՞նց կպատասխանեք այդ հարցին, նորմալ կընդունե՞ք, թե՞ անորմալ: Բնական է՝ աննորմալ, ինչ կապ ունի իմ ընտանիքը Ազգային ժողովում այդ հարցը տալու հետ: Հարց ունեք, ինձ տվեք, ոչ թե ընտանիքին եք կապում: Հարցնում եմ՝ իսկ դուք իմ ընտանիքը ճանաչո՞ւմ եք, բնական է՝ չեք ճանաչում, ամոթ է, էլի: Երիտասարդ աղջիկներ եք, ինչո՞ւ եք ընտանիքը շեշտում: Յուրաքանչյուր մարդ կարող է զայրանալ, որովհետեւ ընտանիքը կապ չունի պատգամավորի գործունեության հետ: Հարցերն ուղիղ ինձ տվեք, կպատասխանեմ, ոչ թե ընտանիքիս:
-Այսինքն՝ երբ Ձեր ընտանիքի հետ են կապում Ձեր գործունեությունը, դա՞ է Ձեզ զայրացնում:
-Դա էլ գումարվում է, գիտեք, հարցը տալիս է ոչ թե մեկ հոգի, այլ մի տասը հոգի հավաքվում, հարց են տալիս: Չես իմանում, որի հարցին պատասխանես, ու տարբեր հարցեր: Ամեն դեպքում, ես ասել եմ՝ ինձ հարցերը գրավոր տվեք: Միջանցքում չեմ սիրում խոսել, եթե պետք է, եկեք, իմ կաբինետում ձեր հարցը տվեք, կպատասխանեմ, բայց մի 10 հոգով հարց եք տալիս, չգիտեմ՝ որ մեկի հարցին պատասխանեմ:
-Դուք նշել էիք, որ նորմալ լրագրողների հետ միայն կխոսեք: Միջանցքում հավաքված լրագրողներն ինչո՞վ են Ձեզ բարկացնում:
-Միջանցքը կապ չունի, գոնե մեկ-մեկ մոտենան եւ նորմալ հարց տան, ոչ թե ձեր ընտանիքը, ձեր եղբայրը, ձեր ծնողը, ձեր երեխեքը, ի՞նչ կապ ունեն երեխեքը, ով է ձեզ նման իմֆորմացիա տվել, որ իմ ընտանիքը կապվում է կրիմինալ աշխարհի հետ, տենց բան չկա:
-Լրագրողները Ձեր վարքի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել: Բողոքի ակցիային միացել են իշխանական կայքերը:
-Ակցիան միանշանակ ուղղորդված է: Իրականությունը ասում եմ, ինչքան ուզում են՝ բողոքի ակցիա անեն, էթիկայի հանձնաժողով տան, դրա հիմքը չկա: Ինձ վիրավորում են, բայց ես տղամարդ տղա եմ, ամոթ է՝ նման բաների մեջ մտնեմ: Իրենք են մեզ ավելի շատ նեղացնում, քան մենք՝ իրենց: Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի ասո՞ւմ, որ մեր մեջից մարդ կա:
-Ո՞վ է Ձեր միջից հենց Ձեր դեմ դավեր նյութում:
-Դա ասելու բան չէ, հասկանում եմ՝ ինչ է կատարվում, իրենց խնդիրն է:
-Գոնե պատճառը կասեք:
-Երեւի իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում անել: Ինձ համար անհասկանալի է: Լավ ընկեր եմ, լավ բարեկամ եմ, երեւի իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում անել:
-Կհասնե՞ն արդյունքի:
-Դե՛, եթե կարող են թող հասնեն, ես այդքան թույլ մարդ չեմ, ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի հա՛մ ընկերություն անել, հա՛մ ընկերոջը թիկունքից խփել: Դա ընկերություն չի:
-Կուսակցակա՞ն ընկեր է
-Եթե իշխանական թեւ է, արդեն … արդեն…:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
2015 թվականի հուլիսի 9-ին Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում «Հայր եւ որդի Մարտիրոսյան» ՍՊԸ-ի սեփականատերերը «կռիվ կինո» էին սարքել իրենց հարեւաններից 15-ամյա Էրիկ Մելքոնյանի հետ: Եվ, ահա, 6 ամիս տեւած դատաքննությունից հետո Մարտիրոսյանները դատապարտվեցին 7 ամսվա ազատազրկման:
Իսկ ինչից էր սկսվել պատմությունը: Բանն այն է, որ թաղամասի բնակիչներից մեկը հանդգնել էր նկատողություն անել կրտսեր Մարտիրոսյանին՝ մեքենան արագ վարելու համար եւ ասել, որ փողոցում ավտոմեքենան դանդաղ վարի:
«Հանդուգն» հարեւանին պատժելու եւ իր տեղը ցույց տալու համար նկատողության արժանացած 39-ամյա Հրանտ Մարտիրոսյանը հոր՝ 71-ամյա Կառլեն Մարտիրոսյանի եւ եղբայրների՝ 44-ամյա Հրաչ Մարտիրոսյանի ու 43-ամյա Աշոտ Մարտիրոսյանի հետ գնացել էին Մելքոնյանների տուն: Տան տերը տանը չէր եղել, եւ նրանք որոշել էին իրենց «տղամարդկությունը» ցույց տալ կնոջ ու երեխայի նկատմամբ: Նախ 4 հասուն տղամարդով հարձակվել էին նոր վիրահատված, վատառողջ տանտիրուհու վրա եւ փայտով հարվածել նրան, ապա ընկել վախից փախչող 15-ամյա երեխայի հետեւից ու հետապնդել նրան:
2016 թվականի հունվարի 14-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց «Հայր եւ որդի Մարիտրոսյան» ՍՊԸ-ի սեփականատերեր Աշոտ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն, եւ դատապարտեց ազատազրկման 7 ամիս ժամկետով:
Հրաչյա Մարտիրոսյանը եւս ազատազրկման դատապարտվեց 7 ամիս ժամկետով, իսկ, ահա, Հրանտ Մարտիրոսյանին դատապարտեցին տուգանքի՝ 400.000 դրամի չափով:
Նկատենք, որ ի սկզբանե Սիլիկյան թաղամասի բնակիչները բարձրաձայնում էին, որ ամեն ինչ անելու են, որ գործարարի ընտանիքը անպատիժ չմնա եւ կատարվածի համար պատասխան տա օրենքի խստությամբ, սակայն, ինչպես նկատում ենք, բարձրաձայնումները տեղ չհասան, եւ գործարարի ընտանիքը կալանքի տակ մնաց ընդամենը 7 ամիս: Իսկ թե այս ամիսների ընթացքում ի՞նչ դասեր քաղեցին, կապրենք, կտեսնենք:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՈՌԻՈՒՄ
Փետրվարի 22-ին սպանության հերթական դեպքն էր գրանցվել Լոռու մարզում: Գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից սպանվել էր Վահագնի գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը: Պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 1-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Կ.-ն ապօրինի ձեռք բերված «ՏՏ» ատրճանակով վիճաբանության ժամանակ կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Նվեր Քոչինյանի գլխին եւ սպանել նրան: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Կ.-ին եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 
ՄԻ ԼԱՎ ԳՈՐԾ
ՍԴ-ն երեկ հակասահմանադրական է ճանաչել վճարի դիմաց կադաստրի կողմից մարդկանց տեղեկություններ տրամադրելը: Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ Փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունն անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պայմանն»րով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց: Դատարանը, սակայն, հայցը մերժել էր՝ հիմքում դնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՄԱՐՏՈՒՆԱԿ
2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում փետրվարի 22-23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների արդյունքում որոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին եւ համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին եւ ապահովելու Արցախի անվտանգությունը:




Լրահոս