ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԻ՞ ԽԱԽՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը նիստի ժամանակ կայացրած միաձայն որոշմամբ կարճեց ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ որեւէ հստակ փաստ չի եղել, որպեսզի իրենք այլ որոշում կայացնեին: Իսկ Ա. Թյությունջյանն այդ հարցն իր համար ավարտված է համարում:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Ա. Թյութունջյանը Ն. Կարապետյանի դեմ դիմում-բողոք էր ներկայացրել, որով խնդրում էր քննարկել նրա՝ որպես պատգամավորի եւ կնոջ վարքը: Ըստ այդ դիմումի՝ Ն. Կարապետյանը զանգահարել էր «Մոսկվայի տան» տնօրենին ու սպառնալով պահանջել, որ Ռուսաստանի դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող կրթաթոշակային ծրագրում ընդգրկվեն ուսանողներ նաեւ Գյումրուց: Դիմումում նշված էր նաեւ, որ պատգամավորը կնոջն ու պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք ու ագրեսիա է դրսեւորել, անգամ հայհոյախառն արտահայտություններ օգտագործել եւ սպառնացել:
ԱԺ պատգամավորի ցանկությամբ նիստերն ընթանում էին դռնբաց: Երեկ հանձնաժողովի նիստին 7 անդամներից ներկա էին 5-ը: Բացակայում էին ԱԺ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանձնաժողովն արձանագրել է, որ Ն. Կարապետյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու փաստերը բացակայում են, քանի որ կենցաղային բնույթի` միջանձնային հարաբերությունների հարթությունում գտնվող նման խնդիրները եւ դրանց ընթացքում պատգամավորների պահվածքը չեն կարող դիտարկվել որպես ԱԺ պատգամավորի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը չնպաստող կամ չեն կարող համարվել պատգամավորին վայել վարքագիծը խաթարող:
Նշված հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց. «Ես փորձել եմ լայն շրջանակների հետ զրուցել՝ հարցի հետ կապված, բայց մի մասը մի բան է ասում, մյուս մասն էլ՝ այլ: Գոնե մեկնումեկը ձայնագրություն տրամադրեր, որտեղ մենք կլսեինք ու այլ բան կիմանայինք, բայց այժմ միայն խոսքեր են՝ իրար հակասող ու իրարամերժ: Ուղղակի միջանձնական հարաբերություններ են, որը ոչ մի կերպ չի մտնում կանոնակարգի մեջ»:
Իսկ Ա. Թյությունջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը շնորհակալություն է հայտնում բոլորից, ովքեր հետեւել են հարցին. «Ես ուզում եմ կարճ ասել, ես համոզված եմ՝ նրանք, ովքեր անմիջական եւ ոչ անմիջական կապ են ունեցել գործընթացին, ներկա են եղել նիստերին, արել են իրենց եզրակացությունները՝ չնայած էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը: Այսքանով ես հարցը համարում եմ փակված: Շնորհակալություն»:
Այսպիսով՝ հանրության քվե ստացած պատգամավորի էթիկայի հարցը կրկին մնաց օդում կախված, քանի որ հերթական անգամ մատուցվեց, թե խոսակցությունը եղել է միջանձնային: Հետաքրքիր է՝ միջանձնային, թաքուն խոսակցությունների ժամանակ կարելի՞ է վիրավորել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս